
ՀայՓոստը շարունակում է առաքումները 178 ուղղություններով

ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում:
Այս մասին հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, ընդգծելով, որ չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը՝ միջազգային փոստփոխանակումը պատշաճ ապահովելու համար ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։
Միաժամանակ նշվում է, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։
«Մենք դեռ 2020 և 2021 թվականներին մշակել ենք այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր մեզ թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ: Ավելին, ավելացրել ենք ՀայՓոստի կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն այսօր ՀայՓոստ ընկերությունն առաջարկում է հուսալի և արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
ՀայՓոստ ընկերությունն առաքանիներ է ուղարկում նաև Ուկրաինա։