
ՀՀ նախագահի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին Մարզահամերգային համալիրում

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտնում են ԱԺ կայքից.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: