«Իշխանությունները շարունակում են մնալ կապիտուլյացված, անկամ, անողնաշար, անսկզբունք». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Փաշինյանի անհավասարակշիռ դրսևորումներն այն բանի վկայությունն են, որ 2018թ. սկսած Հայաստանում ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն:

«Այսինքն՝ մենք քաղաքական զարգացում, քաղաքական գործընթաց, քաղաքական կառավարում, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմ հասկացությունները վաղուց չունենք, և ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն, արտաքին քաղաքականության առումով տեղի է ունենում արտաքին քաղաքական ցինիզմ, որն էլ մեզ հասցրել է այս խիստ անցանկալի, ողբերգական վիճակին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նա նշեց, որ մոտ օրերս կավարտվի ռազմական օպերացիան, բայց ըստ նրա՝ տնտեսական պատերազմը նոր թափ է հավաքելու. «Մենք, լինելով կախյալ վիճակում արտաքին շուկաներից, այդ թվում նաև՝ էներգետիկ հնարավորություններից, չունենք լուծում՝ հետագա ապահովման համար: Երեկ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցը հենց դրան էր վերաբերում, և հենց այդ անհավասարակշիռ վերաբերմունքը, այսպես կոչված՝ վարչապետի, վկայում էր այն մասին, որ չունեն պատասխան»:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի համար ծայրահեղ մտահոգիչ երկու կարևոր հանգամանք կա. «Անվտանգային առումով մենք ՌԴ-ի հետ պետք է կարողանանք երկարաժամկետ համաձայնությունների գալ՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի Շուշիի հռչակագիր, որ վերջերս ստորագրվեց ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր, հաշվի առնելով, որ Արցախում տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժեր, որ մեր արևելյան սահմանների նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը դեռ շարունակում է ունենալ անթաքույց հավակնություններ, հաշվի առնելով, որ մեր քաղաքական իշխանությունները շարունակում են մնալ կապիտուլյացված, անկամ, անողնաշար, անսկզբունք, հաշվի առնելով, որ մեր հասարակությունը գտնվում է ապատիայի մեջ, և անհրաժեշտ է օր առաջ կոնսոլիդացնել՝ համատեղ դիմագրավելու բոլոր խնդիրներին: Երկրորդ՝ տնտեսական հետագա հարցերի լուծումը՝ սկսած պատերանային անվտանգությունից, վերջացրած պետության սոցիալական նվազագույն պատասխանատվությունով»:

Հարցին՝ փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի համար կարող է որոշիչ լինել՝ ինչպես Ռուսաստանի հաղթանակը, այնպես էլ՝ պարտությունը, քանի որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում կստեղծվի միութենական պետություն, իսկ պարտության դեպքում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը կխժռի Հայաստանը. Ինքն ի՞նչ կանխատեսումներ ունի այդ առումով, Արտակ Զաքարյանն այսպես պատասխանեց. «Աստված մի արասցե, որ Ռուսաստանը այս հակամարտությունից դուրս գա թուլացած և քայքայված. Դա մեզ համար պետականության առումով ուղիղ սպառնալիք է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանն այդ առիթը բաց չեն թողնելու, իսկ Արևմուտքը մեզանով զբաղվելու ժամանակ ու տրամադրություն չի ունենալու: Երկրորդ՝ Ռուսաստանի պահանջների լիարժեք կատարման պարագայում, կարծում եմ, որ Ուկրաինան երկու մասի է բաժանվելու, աշխարհում հնարավորություն է առաջանալու ինքնորոշման իրավունքի իրացման գործոնը դարձնել էլ ավելի ցցուն և կարևոր, և այդ պարագայում, բնականաբար, մենք պետք է ակտիվացնենք մեր արտաքին քաղաքական օրակարգերը՝ կապված Արցախի, օկուպացված տարածքների ազատագրման հետ, կապված Հայաստանի սուվերենության բարձրացման հետ: Ինչ վերաբերում է նոր ԽՍՀՄ ձևավորելու վերաբերյալ տեսակետներին, ձեռնպահ կմնամ առայժմ որևէ տեսակետ հայտնել, որովհետև դրանք շատ տեսական զրույցներ են և առայժմ որևէ պաշտոնական աղբյուր չունեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս