«Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ ու լկտի պահվածքի․․․». Արթուր Վանեցյան

«Ինքս երբևէ Կառավարության հետ հարցուպատասխանին չեմ մասնակցել, որովհետև գիտեմ, որ ունենք անհավասարակշիռ մարդ, որը խոսում է՝ ինչի մասին ուզում է, որևէ սահմանափակում չունի և ուղիղ տրված հարցին պատասխանում է իր ուզած ոճով: Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ ու լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է ոչ միայն փաստացի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, այլև առհասարակ շատ ամոթալի պահվածք էր»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում  Նիկոլ Փաշինյանի պահվածքին ու արտահայտություններին:

Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին պարզապես հարց են ուղղել, թե հացահատիկի դեֆիցիտի ժամանակ ի՞նչ են անելու, սակայն Նիկոլ Փաշինյանը սկսեց բնորոշումներ տալ ու ասել, թե «թափ է տալու» և այլն:

«Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ վեր կացավ ու նման վարքագիծ դրսևորեց, կա մի քանի տարբերակ, առաջին՝ ուղղակի անհավասարակշիռ մարդ է, որը, բախտի բերմամբ թե պատահմամբ, ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Երկրորդը՝ գիտակցում էր, որ հաջորդ հարցերի մեջ լինելու են իրեն ուղղվող անհարմար հարցեր, որի պատասխանը չուներ տալու, օրինակ, դիրքորոշում ներկայացնելու այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ մենք գիտենք, որ աշխարհում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Երրորդ՝ ուղղակի տեսել է, որ ԱԺ-ում  որոշակի աշխատանքային միջավայր է ձևավորվել, փորձեց ագրեսիա մտցնել, որ դահլիճում լինի վիրավորանք, հայհոյանք»,- հավելեց Ա. Վանեցյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս էր նախկինում աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ այդ հարցերին ինքն իր հրաժարականի տեքստում արդեն անդրադարձել է:

«1,5  տարի ես զբաղեցնում էի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իշխանության մեջ բարձր դիրք էի զբաղեցնում, ձեր կարծիքով՝ չէի՞ գիտակցում, որ իմ հրաժարականով ինձ վրա բերելու եմ մի մեծ ալիք, որը բոլորդ տեսաք: Բազմաթիվ քրեական գործեր, որոնցից շատերը կարճվում են, բազմաթիվ հրապարակումներ, կեղծ հրապարակումներ, և այսօր դատարանները բավարարում են իմ դիմումները: Բազմաթիվ նման դեպքեր են եղել, ամեն ինչ տեսել եմ, տեսել եմ, որ երկիրը տանում են կործանման, դրա համար էլ գնացել եմ»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս