«Հիմա այս իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ինքն իր վրա դուրս չգա». Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ, երբ ձևավորվում էր ԱԺ 8-րդ նստաշրջանը, ինքը հայտարարել էր, որ եթե իշխանությունը ցանկանում է բացահայտել 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, ապա գործը քննելու համար լայն գործիքակազմ ունի:
«Քննիչ հանձնաժողովն առհասարակ ընդդիմության գործիքակազմն է, որն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն: Իսկ երբ իշխանությունն է ձևավորում քննիչ հանձնաժողով, և իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ, իսկ փորձագետներ են դառնում այնպիսի մարդիկ, օրինակ, Արծրուն Հովհաննիսյանը, ով ամբողջ պատերազմի ժամանակ հանրությանը մատուցել է կեղծ տեղեկատվություն, ապա ինչպե՞ս եք պատկերացնում այդ հանձնաժողովի անաչառությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը խորհրդային տարիները հիշեցնող մի անեկդոտի մասին է, երբ մի դատախազ է ընդունվում աշխատանքի, ավագ դատախազն ասում է, որ իրենց գործում գլխավորն այն է, որ ամեն ինչ պետք է անեն «իրենք իրենց վրա դուրս չգալու համար»:
«Հիմա այս իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ինքն իր վրա դուրս չգա: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ բարձրաձայնում էին, որ բարձրաստիճան պաշտոնյանների մեջ, այդ թվում՝ նախկին, կան դավաճաններ: Հիմա հարց է առաջանում, այդ ինչպե՞ս եղավ, որ իշխանությունը որևէ գործողություն չարեց, ասում էին՝ գործեր կան հարուցված, դրանք ի՞նչ եղան: Այս մարդիկ արել ու անում են ամեն ինչ, որպեսզի պատերազմի սկսման և ընթացքի արդյունքների մասին իրական տեղեկություն չհայտնեն: Եթե պատերազմի իրական տեղեկությունները բացահայտվեն, իշխանությունից շատերը պետք է պատասխան տան»,- hավելեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



