Եթե Ռուսաստանը հաղթի, ականատես ենք դառնալու ԽՍՀՄ-ի վերականգնմանը՝ ամենավատ պայմաններով. Գոգոլաշվիլի

Մեկ շաբաթ է՝ շարունակվում է ՌԴ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, որը վերածվել է լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև՝ հանգեցնելով Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմի ու աննախադեպ պատժամիջոցների:

Այս պահի դրությամբ, չնայած իրավիճակը ռազմադաշտում բավականին ծանր է, պատերազմական գործողությունների ինտենսիվությունը հատկապես վերջին երկու օրերի ընթացքում՝ ավելի բարձր, կողմերը, այս դեպքում՝ Ուկրաինան, Ռուսաստանն ու հավաքական Արևմուտքը չեն պատրաստվում նահանջել՝ օր օրի ավելի են սրում հռետորաբանությունն ու միմյանց դեմ կիրառվող միջոցառումները:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (GFSIS) տնօրեն Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց՝ պարզ է մի բան, որ աշխարհն այլևս չի լինի նախկինը: Նրա կարծիքով, աշխարհը բաժանվել է, քանի որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ժողովրդավարական, քաղաքակիրթ աշխարհի դեմ, պայքարում է աշխարհի բաժանման և վերաձևավորման համար, պայքարում է նոր ազդեցություն ստանալու համար:

«Թե ո՞րն է գինը՝ չգիտենք, թե մենք բոլորս ի՞նչ գին ենք վճարելու այս ամենի դիմաց և այս ամենի հնարավոր ելքից ինչպե՞ս ենք տուժելու՝ չենք կարող ասել, նույնիսկ Ռուսաստանի պարտությունից: Դա շատ հնարավոր է, սակայն կա մեծ վտանգ, որ Պուտինը կօգտագործի նույնիսկ միջուկային զենք, դա կլինի աղետ աշխարհի և հատկապես՝ Եվրոպայի, Ռուսաստանի համար: Հարցը նույնիսկ այն չէ՝ Ռուսաստանը կհաղթի՞, թե՞ կպարտվի, քանի որ ցանկացած ելք այս պահին բարդ է թվում»,- ասաց քաղաքագետը:

Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականություն, ըստ նրա, կա, սակայն ասում է՝ նա դա նույնիսկ չէր անվանի համաշխարհային պատերազմ, քանի որ Ռուսաստանը մնացել է միայնակ: «Ռուսաստանին կմնա միայն կիրառել միջուկային զենք, հիմա արդեն Ուկրաինայում չթույլատրված զենք է կիրառում՝ զգալով, որ կարող է պարտվել պատերազմում, նա կարող է մտածել տակտիկական միջուկային զենքի մասին: Այս պահին երևում է, որ նա պատրաստ է գնալ մինչև վերջ: Նա որևէ դեպքում չի դիտարկում պարտությունը, այդ պարտության գինն իր երկրի քաղաքացիների կյանքերն են»,- ասաց Գոգոլաշվիլին:

Նա այն կարծիքին է, որ Ուկրաինայում լուծվում է գլոբալ առումով՝ աշխարհի, և ավելի նեղ առումով՝ հետխորհրդային երկրների ճակատագիրը: «Եթե դիտարկենք, որ այս պատերազմում ՌԴ-ն կհաղթի, կհասնի իր նպատակներին, դա կնշանակի, որ մեր տարածաշրջանում հատկապես չենք ունենալու կամարտահայտության իրավունք, ԽՍՀՄ վերականգնում՝ իր ամենավատ տարբերակով, դա նույնիսկ ԽՍՀՄ չի լինի, քանի որ ԽՍՀՄ-ում հանրապետությունները՝ ոչ սկզբնական շրջանում, սակայն վերջին փուլերում ունեին որոշակի անկախություն, հնարավորություն կայացնել սեփական որոշումները: Իսկ եթե պարտվի, ու մեղմ անցնեն իրադարձությունները, բնականաբար, կտեսնենք այլ Ռուսաստան, ինչպես Ֆաշիստական Գերմանիան էր պարտությունից հետո: Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Ինձ թվում է, որ ելնելով մեկուսացումից՝ Ուկրաինան հսկայական աջակցություն է ստանում, և Պուտինը հնարավորություն չունի հաղթելու»,- ասաց Գոգոլաշվիլին:

Ի դեպ, Գոգոլաշվիլին Հայաստանի ապագան տեսնում է Եվրոպայում, նրա տպավորությամբ՝ Հայաստանը ևս դրան է ձգտում, պարզապես Հայաստանը սահմանափակված է ռուսական հզոր ներկայությամբ:

«Եթե պարտվի այդ պատերազմը, Հայաստանն ազատ գործելու, հարևանների հետ կարգավորման և Արևմուտքից մեծ աջակցություն ստանալու ավելի շատ հնարավորություններ կունենա»,- ասաց վրացի վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, Թուրքիայի ներկայությանը, ապա Գոգոլաշվիլին այն կարծիքին է, որ Թուրքիան իսկապես ուժեղ պետություն է, տարածաշրջանային խաղացող: «Բայց ես հույս ունեմ, որ ԵՄ-ն կմեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Սա է ճանապարհը, նույնիսկ Վրաստանն առանց ԵՄ-ի իրեն միայն այս տարածաշրջանում վստահ չի զգում և չի միանում 3+2-ին: Վերջնարդյունքում՝ մի շարք երկրներ մեր տարածաշրջանում չեն ցանկանում, որպեսզի Եվրոպական միությունը գա այս ռեգիոն: Սակայն ես այն կարծիքին եմ, որ Թուրքիան չի գնում Ռուսաստանի ճանապարհով, չնայած ոչ ժողովրդավարական ռեժիմի գոյությանը Թուրքիայում, բայց Թուրքիայում ձգտում են ժողովրդավարության, դա այդպես է, դա հույս է տալիս, որ Թուրքիան իրեն նման ագրեսիվ չի դրսևորելու, չի փորձի իր կամքը պարտադրել: Սրանք երկարաժամկետ հարցեր են, այս պահին ավելի կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս