«Եվրոպայի և աշխարհի ռազմականացման մրցավազքը անկասելի է, իսկ երրորդ համաշխարհայինը անխուսափելի». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհի երեսին ներկայում գոյություն ունեցող պետություններից չկա մեկը, որ այդքան շատ պատերազմների մեջ եղած լինի, ինչքան Ռուսաստանը:

Այս երկիրն ուղղակի չի կարողանում առանց պատերազմ, դա իր տարերքն է, և իզուր չէ, որ Ռուսաստանը տարածքով աշխարհի ամենամեծ պետությունն է. Աշխարհի ցամաքային տարածքի ավելի քան 1/10-րդը Ռուսաստանն է:

Այդ բոլոր պատերազմներում, նույնիսկ պարտվածներում մինչև վերջ «քյալլա» են տվել, այսինքն նույնիսկ պարտված լինելով շարունակել են կռվել, որ նվաստացուցիչ պարտություն չունենան:

Ես չգիտեմ աշխարհի հույսը որն է, բայց Ուկրաինան օր-օրի ավերակի է վերածվում, ժողովուրդն էլ դարձել է վտարանդի ու սա ժամանակակից Եվրոպայում: Սա մեծ աղետ է:

Գերմանացին արդեն «մահանա բռնած» 100 միլիարդ եվրոյով ավելացրեց ռազմական ծախսերը, նույնն են անում շատ այլ եվրոպական երկրներ: ԱՄՆ-ը իր ռազմական դոկտրինում Ռուսաստանին սկսեց դասել թշնամի պետությունների շարքին:

Եվրոպայի և աշխարհի էլ ավելի ռազմականացման մրցավազքը այլևս անկասելի է, իսկ երրորդ համաշխարհայինը անխուսափելի:

Այս պայմաններում, կա՞ գեթ մեկը Հայաստանի դե-յուրե ղեկավարության մեջ, որ գանգատուփում ունի առողջ, պայքարելու ունակ բջիջներ, որոնք իրեն կհուշեն՝ ժամանակն է, դեռ մի բան էլ ուշացած, աշխարհազոր ստեղծել և բանակը կուռ համակարգ սարքել, այլապես մեզ բոլորիս ոտի տակ են տալու, եթե ոչ առաջիկա ամիսներին կամ տարիներին, ապա առաջիկա 1-2 տասնամյակի ընթացքում. Իսկ ժամանակը շատ արագ է անցնում և մեր օգտին չէ աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս