Ազգային ժողովն օկուպացվել է

Գործող խորհրդարանը նորանկախ Հայաստանի, թերևս, ամենատխուր Ազգային ժողովն է։ Խորհրդարանական հանրապետությունում իշխանության առաջնային մանդատ կրող մարմինը, մեղմ ասած, այլևս հետաքրքիր չէ։

Մարդիկ դրա աշխատանքներին հետևում են մոտավորապես այնպես, ինչպես ուղեղին հանգստի ուղարկելու ժամերին դիտում են սիթքոմներ՝ գուցե տափակության մեջ որևէ ինտրիգ կամ զվարճալի դրվագ գտնելու հույսով։

Հայաստանի խորհրդարանը եթե հետաքրքիր է, ապա այլևս միայն նրանով, թե պատգամավորներից որ մեկը մյուսին կարող է գերազանցել հակաբանականությամբ ու ճղճիմությամբ։ Առաջատարները, իհարկե, իշխանական պատգամավորներն են։ Պատկերը մռայլ է ամբողջության մեջ․ խորհրդարանում գեներացվում է ոչ թե քաղաքական միտք, այլ տեղի է ունենում քաղաքականության մեմի պերֆորմանս։ Իսկ դա նշանակում է, որ չնայած թվացյալ հանդարտությանն ու քաղաքականության անշարժությանը, երկրում առկա է խորը քաղաքական ճգնաժամ, քանի որ պետությունը չի կարող գոյատևել ու, առավել ևս, զարգանալ առանց քաղաքական մտքի։

Իսկ եթե ընդունենք, որ խորհրդարանում քաղաքական միտքը թաղվել է այն պատճառով, որ երկրում ընդհանրապես այն գոյություն չունի, նշանակում է՝ հաշտվել Հայաստանի՝ որպես պետության վախճանի հետ։

Բայց իրականությունը, բնականաբար, այդպիսին չէ․ խորհրդարանի անգործությունից ամենևին չի բխում, որ երկրում քաղաքական միտքը չորացել է։ Ճիշտ հակառակը՝ տևական ժամանակ հանրային ամենատարբեր շերտերում ու խմբերում ընթանում են դեռևս լատենտ քննարկումներ, որոնք առայժմ չեն վերածվել քաղաքական գործընթացի։ Սակայն այդ քննարկումները վկայում են, որ խորհրդարանից, գործող քաղաքական ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գեներացվում են մտքեր, գաղափարներ, ծրագրեր, որոնք ինչ-որ պահի, ինչ-որ ձևաչափով կարող են առնվազն դառնալ քաղաքական փոփոխությունների մեկնարկի պատճառ։

Գործող խորհրդարանն իր ամբողջության մեջ և իր անհամարժեքությամբ ընդամենը խոչընդոտում է, որ առողջ ու կենսունակ քաղաքական միտքն ազդեցություն ունենա քաղաքականության վրա։ Խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը, ըստ էության, օկուպացրել են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ քաղաքականության իմիտացիայով խոչընդոտելով իրական քաղաքական գործընթացների ծավալումը։ Բայց գրավված ամբիոնն ամենևին չի նշանակում գրավել նաև մարդկանց մտքերն ու հույզերը, լռեցնել քաղաքական խոսքը։ Այն ճիշտ պահին հնչելու է, բայց կարևոր է ոչ միայն այդ խոսքի ուղղակի բարձրաձայնումը, այլ այն, որ դա ունենա գործառութային նշանակություն և սկիզբ դառնա սկզբում՝ հանրային մտածողության, ապա նաև՝ վարքագծի փոփոխության համար։

Պետությունն ու հասարակությունը չեն կարող պատանդ դառնալ քաղաքական համակարգին, իսկ իրականում նրան, ինչն այսօր գրավել է նոմինալ քաղաքական համակարգը՝ խոչընդոտելով իրական քաղաքականությանը։ Այդ գրավմամբ պայմանավորված՝ քաղաքական անհամարժեքությունը պրոյեկցվել է նաև պետության վրա, անհամարժեք քաղաքական համակարգի պատճառով մենք այսօր ունենք նաև անհամարժեք պետություն, ինչը շարունակվելու դեպքում կարող է կասկածի տակ հայտնվել ընդհուպ պետության գոյությունը։

Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրները քաղաքական են և կարող են ունենալ միայն քաղաքական լուծումներ։ Բայց դա գործնականում անհնար է, քանի դեռ քաղաքական ամբիոնը բռնազավթված է բոլոր նրանց կողմից, ովքեր հանդիսանում են երկրում քաղաքականության չգոյության հիմնական շահառուները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս