Ավարտվել է պարեկային ծառայության աշխատակցին կաշառք առաջարկելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու հերթական դեպքը:
Գործով ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունվարի 22-ին՝ ժամը 03։50-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են Ա. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ վերջինս այն վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո վարորդը պարեկներից մեկին որպես կաշառք առաջարկել է 14 000 ՀՀ դրամ` ավտոմեքենան հատուկ պահպանման տարածք չտեղափոխելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար։ Պարեկը հրաժարվել է կաշառքի առաջարկից և ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման տարածք, որտեղ համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո իր ծառայակցի հետ Ա. Մ.-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին։
Պարեկային ծառայության աշխատակցին կաշառք առաջարկելու համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: