«Ուկրաինան կարող է դառնալ Ռուսաստանի Վիետնամը»․ թուրք դիվանագետ

Թուրք պաշտոնաթող դեսպան Յալըմ Էրալփը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շեշտելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհը կարծես թե Ռուսաստանի դեմ է՝ Էրալփը թվարկել է ռուսական տնտեսությանը սպառնացող վտանգներն ու վնասները։

«Ամբողջ Եվրոպան միասնականացել է։ Ամբողջ Եվրոպան՝ բացառությամբ, ցավոք, Թուրքիայի, փակել է իր օդային սահմանը ռուսական ինքնաթիռների առաջ»։

Յալըմ Էրալփը դժգոհ է, որ Թուրքիան եվրոպական ընտանիքի հետ միասնաբար հանդես չի գալիս Ռուսաստանի դեմ։ Օրինակ է բերում եվրոպական երկրներին, որոնք զենք-զինամթերք են տալիս Ուկրաինային։ Իսկ Լատվիայի նման փոքր երկիրն անգամ իր քաղաքացիներին ասել է, որ կարող են զենք վերցնել և կռվել ուկրաինացի եղբայրների համար։

«ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը փաստորեն Հունգարիան ու Թուրքիան դուրս եկան։ Պարոն նախագահը (Էրդողան-խմբ.) բողոքում է, թե եվրոպացիները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում։ Բայց մի հատ իրեն թող հարցնեն՝ իսկ դու ի՞նչ ես անում»։

Ըստ թուրք նախկին դեսպանի՝ Ռուսաստանն իրավացիորեն ուներ իր անվտանգությանն առնչվող մտահոգություններ, բայց դրանց լուծման ճանապարհը չպետք է լիներ ռազմական եղանակով։

«Պուտինն ասում է՝ ուկրաինացիներ չկան, նրանք ռուսներ են. Սա սխալ մոտեցում է։ Իհարկե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի մի մասը նվաճել, այնտեղ զորքեր պահել, բայց դա լուծում չէ։ Ինչպես Ամերիկան ​​ճահճացավ Վիետնամում, այնպես էլ Ռուսաստանը կարող է խորտակվել Ուկրաինայում: Պետությունները պետք է դասեր քաղեն պատմությունից, բայց ցավոք, ոչ ոք էլ այդպես էլ չի քաղում»,- նկատել է թուրք դիվանագետը։

Նշենք, որ Յալըմ Էրալփը 1987-1991թթ. եղել է Հնդկաստանում Թուրքիայի դեսպանը, ապա նաև ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանը: Զբաղեցրել է խորհրդականի պաշտոն Թուրքիայի նախկին վարչապետներ Մեսութ Յըլմազի և Թանսու Չիլիերի կառավարաման շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս