Պատերազմն ու սերը՝ երեք սերունդների աչքերով. «Գարուն ա…» ֆիլմի պրեմիերան
Մարտի 1-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, որտեղ հեղինակը երեք սերունդների աչքերով ներկայացնում է պատերազմի, սիրո, հայրենիքի նվիրյալների, պետական մտածողության և հանուն սիրո ու հայրենիքի ինքնազոհողությունը։
Ստեղծագործական կազմի հավաստմամբ՝ իրենց հատկապես ոգեշնչել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորների ցուցաբերած սխրանքը:
Ֆիլմի պրեմիերային ներկաների, այդ թվում՝ նաև սպաների, ժամկետային զինծառայողների, 44-օրյա պատերազում վիրավորված տղաների համար տրամադրող ու ոգեշնչող էր ցուցադրումից առաջ ՀՀ ՊՆ ռազմական նվագախմբի կատարմամբ դահլիճում հնչած՝ հատուկ «Գարուն ա…» ֆիլմի համար գրված երաժշտությունը։
Հայրենասիրության տարբեր դրսևորումներ, պապիկի, հոր և որդու աչքերով։ «Գարուն ա…» ֆիլմը հայրենասիրության և մեր ազգի մասին է:
«Իրականում այսօր իրարամերժ զգացողություններ ունեմ: Վերջին 4 օրերի ընթացքում ճանապարհներին եմ եղել, Կիևից եմ եկել, այնտեղ ավարտում էինք ֆիլմի աշխատանքները, երբ պատերազմը վրա հասավ, փորձում էինք մի կերպ ֆիլմն ուղարկել Հայաստան։ Տարբեր փորձություններ հաղթահարելով՝ վերջապես այսօր Երևանում եմ։ Ֆիլմի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն է պատասխանատու հայրենիքի համար, բոլորը պետք է իրենց լուման ունենան։ Ֆիլմի գլխավոր հերոսներից Արամ Ամատունին ասում է, որ երկրի կայացման համար պետք է յուրաքանչյուրը արյուն ու քրտինք թափի, սա է ուղերձը հանրությանը։ Պետք չէ նստել ու ասել, թե ինչու ամեն ինչ չի փոխվում, այլ պետք է պատասխանատվություն ստանձնել գործով՝ հայրենիքի նկատմամբ, թե ինչ կարող ես անել, որպեսզի ունենաս լավ հայրենիք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոման Մուշեղյանը։
Ըստ ռեժիսորի՝ հաճախ քաղաքականության մեջ էլ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ այսպես եղավ, իսկ հարցի պատասխանը պարզ է, այդպես եղավ, որովհետև չկա ընդհանուր մտածելակերպ։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ ֆիլմը բոլոր տեսակի սերերի մասին է՝ ընկերությունից՝ մինչև կին ու տղամարդ, նաև մեր բանակի ու սպաների, ազգային գաղափարախոսության անհրաժեշտության ու արժանապատվության մասին է։
«Այս ֆիլմը շատ է մերը, շատ է ազգային, սակայն ֆիլմում կան զուգահեռներ, որոնք այսօր հուզում են ամբողջ աշխարհին՝ զինվոր-մարդասպան, արվեստ-բարբարոսություն զուգահեռն է։ Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր իրավունքները ֆիլմը ներկայացնելու միջազգային հարթակներ»։
Ըստ պրոդյուսեր Դիանա Ավետիսյանի՝ ֆիլմի վրա երեք տարի աշխատել են, և այդ ամբողջ ընթացքում աշխարհում պատերազմ էր։
«Հուսամ, ֆիլմի պրեմիերայով բոլոր պատերազմները կավարտվեն, և սա կլինի պատերազմի մասին վերջին ֆիլմը, և այլևս չեն լինի պատերազմներ, որոնց մասին ֆիլմ կնկարահանենք։ Ֆիլմը կպտտվի ամբողջ աշխարհով, կներկայացվի փառատոներում, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նաև ԱՄՆ-ում»,- նշեց նա։
Ֆիլմի սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, որ չցանկանալով շատ խոսել ֆիլմի մասին՝ միայն ընդգծեց, որ ունի մեկ ցանկություն՝ Հայաստանում գարունները լինեն սիրո, հզորացման համար, և այլևս երկիրը պատերազմ չտեսնի։
Ֆիլմի հերոսներից մեկին՝ Վարդանին մարմնավորել է դերասան Արմեն Մարգարյանը, նրա համար ֆիլմը հայ մարդու, ընտանիքի մասին է։
«Կարծում եմ՝ շատերն իրենց կտեսնեն այդ ֆիլմում, իրենց մտքերն ու արարքները կտեսնեն այնտեղ։ Մարդիկ տարբեր հարցերի, այդ թվում՝ հայրենիքի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ֆիլմում կերպարներն ընտանիքի հանդեպ ունեն մեծ սեր, ամեն դեպքում՝ ունենալով տարբեր աշխարհայացքներ, պարկեշտության մեծ զգացողություն ու հանդուրժողականություն ունեն։ Հայրենիքին պարտադիր չէ ծառայել միայն բանակում, պետք է ծառայել նվիրումով, աշխատանքով, մանավանդ, եթե խոսում ենք արվեստագետի մասին»,- շեշտեց դերասանը։