«Երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»․ Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին

Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության հետ հարցուպատասխանը:   Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց գնահատական տալ ու նաև որոշ մանրամասներ ներկայացնել Հայաստան-Թուրքիա ընթացող գործընթացի վերաբերյալ.

«Գիտենք, որ փետրվարի 24-ին տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը, եթե հնարավոր է՝ կիսվեք, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այս հարցի համատեքստում կուզեի հարցնել, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Արտաքին գործերի նախարարությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումի՝ Հայաստանին ուղղված հրավերի վերաբերյալ»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած 2-րդ հանդիպումը դրական է գնահատում․

«Կարող եք ամեն ինչ կարդալ նաև հանդիպումից հետո ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ, կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և, որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։ Կրկնում եմ, հանդիպումը գնահատում եմ դրական, ուզում եմ ասել, որ բավականին, շատ ավելի կոնկրետ է եղել հանդիպումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը, բայց միևնույն ժամանակ՝ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ 2-րդ հանդիպման համար դժվար է ակնկալել, 2-րդ հանդիպում մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների կամ տասնամյակների խնդիրներին»։

Ինչ վերաբերում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերին, Արարատ Միրզոյանն ասաց, որ դեռևս որոշում չկա․

«Հուսով եմ, կհամաձայնեք, որ մեր աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան, և ըստ էության նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող ժամկետներն ու իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»։

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է 2022 թվականի մարտի 11-13-ը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս