Արարատ Միրզոյանը կմեկնի՞ Անթալիա․ պարզաբանում է ԱԳՆ խոսնակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թվականի մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին ասել էր Չավուշօղլուն։

Նույն օրը՝ հունվարի 20-ին, ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ասել էր, որ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը, և, որ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին։

Այս հայտարարությունից 1 ամսից ավելի է անցել, սակայն հայկական կողմը որևէ որոշում չի հրապարակել Անթալիայում մարտի 11-14-ին կայանալիք դիվանագիտական ֆորումին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ։

168.am-ն այսօր ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Թուրքիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։

«Որոշման լինելուն պես հանրությանը պատշաճ կերպով կտեղեկացնենք»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցությունը հաստատելու վերջնաժամկետ կա՞, ասել էր.

«Հայկական կողմին որևէ վերջնաժամկետ չի փոխանցվել, փոխանցվել է միայն հրավերը, բնականաբար, այնպես կանենք, որ ողջամիտ ժամկետներում տեղեկացնենք հրավիրող կողմին»։

Տեսանյութեր

Լրահոս