Գազի գնի թանկացման արդյունքում ջերմոցային տնտեսությունները վատ վիճակում են հայտնվելու
Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։
ՀԾԿՀ–ի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ-ի դիմաց` 100 դրամ/1000 խմ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Բնակչությանը մնացած հատվածի համար գազի 1 խմ-ն կթանկանա 4․7 դրամով՝ ներկայիս 139 դրամի փոխարեն՝ դառնալով 143.7 դրամ։
Հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ն 143.7 դրամ սակագնով։
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը վստահ է՝ գազի գնի թանկացումն ազդեցություն է ունենալու, և ջերմոցային շատ տնտեսություններ վատ վիճակում են հայտնվելու:
Բացի այդ, ըստ նրա՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեծ քանակով էժան գյուղմթերքը կներմուծվի Հայաստան, ինչի արդյունքում տեղի արտադրողները կդառնան անմրցունակ:
Իսկ այն, թե արդյո՞ք թուրքականի հետ հայկականը մրցունակ չի լինի, եթե որակյալ ապրանք ունենանք, Ջերմոցային ասոցիացիայի նախագահը սրա պատասխանն էլ ունի՝ պետք է զարկ տալ տեղական արտադրանքին: «Արտադրանքը որակյալ կլինի միայն այն դեպքում, եթե տեղական սորտեր աճեցնենք: Հիմա դրսի սորտեր են՝ հոլանդական, իսրայելական: Բերքատվությունը պետք է մի քիչ բարձր լինի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- մեզ հետ զրույցում նշեց Պողոս Գևորգյանը՝ հայտնելով, որ ասոցիացիան ժողով է անցկացրել ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի մասնակցությամբ, և պատրաստվում են մարտի 9-ին հանդիպել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին:
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի ներկայացուցիչները կառավարությանը կներկայացնեն մի քանի առաջարկներ՝ բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքների մաքսատուրքերը, սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։
«Պետք է նաև տեղական սորտերից սկսենք՝ ծրագիր կա մշակված, որ ուզում ենք անել: Քննարկելու ենք տեղական սորտերի ու գազի գնի հարցը: Ուզում ենք նաև մշակաբույսերը փոխել, թանկ մշակաբույսեր մշակել, հակառակ դեպքում շահույթի միայն 70 տոկոսը վառելիքի գինն է»,- ասաց Պողոս Գևորգյանը: