«Չտեսնել «Շուշիի հռչակագրի» վտանգները՝ նշանակում է բենզին լցնել վառվող կրակին». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ ընդդիմությունը երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, մեկը՝ խորհրդարանում, մյուսը՝ խորհրդարանից դուրս։

«ԱԺ ներսում զբաղվում ենք օրենսդրական նախաձեռնությամբ, ինքներդ էլ եք նկատել, թե քանի-քանի նախաձեռնություններ են եղել, որոնք գնացել են Սահմանադրական դատարան։ Հայաստանում գոյություն ունի համակարգային բացթողում, որոշումների ընդունման հիմքում քաղաքական իրավիճակի գնահատում չէ, դրա համար էլ անվտանգային, սահմանային, արտաքին քաղաքականության, օրինակ՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման խնդիրների հետ կապված մենք աջակցություն չենք ստանում, բայց մենք համառորեն մեր գործողություններն առաջ ենք տանելու և նաև առաջ ենք տանելու այն խնդիրներում, որոնք առաջացել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով, նաև դրա ծնող պատճառները քննելու ուղղությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ անհանգստացնող է, որ, ասենք, սահմանային իրավիճակի վերահսկողության առումով խորհրդարանը վտանգ չի տեսնում  Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված և վավերացված Շուշիի հռչակագրում, ինչը նշանակում է՝  չգնահատել իրական վիճակը։

«Այդ վտանգը չտեսնելը նշանակում է՝  բենզին լցնել վառվող կրակին և սպասարկել ոչ Հայաստանի շահերը, այլ թշնամու շահերը։ Կարող են հռետորական հարց տալ՝ ինչո՞ւ խորհրդարանը պատերազմն ավարտվելուց հետո չի վերահսկել, որպեսզի թշնամին առաջ չգա, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր, որ կողմերը կանգնելու են այն դիրքերում, որտեղ ավարտվել են մարտական գործողությունները։ Սյունիքի կամ Գեղարքունիքի հատվածներում գտնվող մեր ստորաբաժանումները հետ են քաշվել, լավ, չե՞ն հասկացել, որ յուրաքանչյուր բարձունք մեզ պետք է բանակցությունների համար, որպեսզի կարողանանք մեր սահմանը գծել։ Սրա փոխարեն՝ իրենք ուռճացրել են ոստիկանական համակարգը»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս