«Իշխանության համար ԳՇ պետի պաշտոնից մարդու ազատո՞ւմն է կարևոր, թե՞ լավ պատրաստված նոր մարդու նշանակումը». Սեյրան Օհանյան

«Հարցը մենք մանրակրկիտ քննարկել ենք մեր դաշինքի խորհրդում, նաև մեր խմբակցությունում, և մեր տեսակետը նույնն է, որ չենք մասնակցելու ՀՀ նախագահի ընտրություններին։ Հիմնավորումները մի քանիսն են, նախևառաջ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի, իսկ այսօրվա նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հանդիսանում է կուսակցության անդամ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հարցին։

Ըստ նրա, կարելի է ասել, որ այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց ՀՀ նախագահին։ Նաև հաշվի առնելով վերկուսակցական լինելը՝ ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն՝ չմոռանալով, որ ըստ Սահամանդրության՝ երկրի գլուխը նախագահն է։

«Հետադարձ հայացք ձգելով Չորրորդ նախագահի գործունեությանը, կարող եմ ասել, որ Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը չի պահպանել մի քանի սահմանադրական նորմեր։ Օրինակ, նա հանդիսանում է Հայաստանի գլուխը, ինչը նշանակում է, որ գոնե արարաողակարգային միջոցառումների ժամանակ նա պետք է լինի ամենակարևորը։

2020 թվականի մայիսի 28-ին, երբ Սարդարապատում ծաղկեդրման արարողություն էր տեղի ունենում, ՀՀ նախագահը սպասում էր, թե ինչպես վերջում աստիճաններով բարձրանա Նիկոլ Փաշինյանը, այնինչ վերջում պետք է բարձրանար ՀՀ նախագահը»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես ցուցադրական գործողություններով ցույց է տվել, որ ինքն ավելի կարևոր է, քան իշխանության մյուս թևերը, այդ թվում՝ ՀՀ նախագահը։ Հետևաբար՝ այդ առումով Արմեն Սարգսյանն իր պարտականությունները չի կատարել։

«Այսօրվա կառավարության կադրային քաղաքականության մեջ, օրինակ, ես չեմ հասկանում՝ իրենց համար ԳՇ պետի պաշտոնից մարդու ազատո՞ւմն է կարևոր, թե՞ ավելի լավ պատրաստված նոր մարդու նշանակումը։ Եթե ազատումն է կարևոր, ապա հասկանալի է, որ ԳՇ պետին ազատել են ու նշանակել են պաշտոնակատար։ Եթե նշանակումն է կարևոր, ապա իրենք պետք է գտնեին ամենապատրաստ անձնավորությանը և միանգամից նշանակեին այդ պաշտոնին, հատկապես այս ռազմաքաղաքական դժվար իրավիճակում։ Քաղաքական թիմի անդամ նշանակված անձնավորությունը չի կարողանալու պահպանել անաչառություն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս