«Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, նրա մոտ աշխատելու է՝ որպես նախագահ». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման գործընթացը խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է, քանի որ Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։

«Բոլորը հեքիաթներ են, թե ՔՊ-ն առաջադրեց թեկնածու։ Այս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից և աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։

Պարոն Խաչատուրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բառացի ասել է՝ ինքն այս քաղաքական թիմի անդամ է՝ վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամենն այդ նախադասությունից հետո մոռացվում է։ Նա պաշտոնապես հայտարարել է, որ այս քաղաքական թիմի անդամ է։ Հետևաբար՝ մենք բացարձակ ցանկություն չունենք լեգիտիմացնելու այս գործընթացը։ Սա նոնսենս է, ես նման բան չեմ մտաբերում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող կուսակցության ձայներով, որովհետև ինքը ՄԻՊ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանը։

ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել, գրեթե բոլոր ՄԻՊ-երն ընտրվել են նաև ընդդիմադիրների ձայներով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի, շատ կցանկանար ասել, որ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը խոսեց Հայաստանում քաղբանտարկյալների մասին, Հայաստանում խոսքի իրավունքից, քաղաքական ճնշումների կամ ՏԻՄ-երի մասին։ Սակայն նա ԱԺ ամբիոնից  խոսեց այնպիսի բաների մասին, որոնք այս շրջանին համապատասխան չեն։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ որևէ մեկը չի կարող պնդել, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ քաղաքական թիմի անդամ էր։

«Արմեն Սարգսյանը հրավիրվել էր Հայաստան, և նրան առաջարկվել էր դառնալ ՀՀ նախագահ, որպեսզի օգտագործի իր լայն միջազգային կապերը, իր ճանաչումն աշխարհում։ Անհամեմատելի բաներ են Արմեն Սարգսյանի գործունեությունը Սերժ Սարգսյանի վարչապետության ժամանակ և Նիկոլ Փաշինյանի ժամանակ, որովհետև մենք խոսում ենք մի մարդու մասին, ում ձեռքից փորձում էին ամեն ինչ առնել՝ անգամ մեքենայի պետհամարանիշերը»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս