«Չի եղել մեկ դեպք, որ Վահագն Խաչատուրյանը գոնե ձևական հակադրվեր կառավարությունում քննարկվող հարցերին». Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԱԺ երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն անդրադարձել էին ՀՀ նախագահի առաջադրման իշխանական վարքագծին և հայտարարել, որ որևէ ձևով չեն մասնակցելու գործընթացին։
«Ի սկզբանե գործընթացը սկսվել էր այնպիսի խախտումներով, սահմանադրության տառին ու ոգուն այնպիսի հակասություններով, որ մեր մասնակցությունն ուղղակի կլիներ անտրամաբանական, էլ չասենք, որ իրավական որևէ առնչություն այս ամենին ունենալը կլիներ անիմաստ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին, որ ՀՀ նախագահի պաշտոնում կարող են առաջադրել որևէ սրբազանի, Արամ Վարդևանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը բավականին հետաքրքիր արձագանք է ստացել։
«ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ հեղինակություն վայելող սրբազանը, իհարկե, կարող է թե՛ ընտրել, թե՛ ընտրվել։ Հենց նախագահն իր խոսքում նշել էր, որ դա լինի միասնական թեկնածու։ Մենք ունենք հանրային հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք, բայց այստեղ կարևորն այն է, որ Սահմանադրությունը հստակ նախատեսում է, թե ՀՀ նախագահն ինչպես կարող է իրականացնել իր լիազորությունները, այստեղ շատ եմ խնդրում, որպեսզի դուք ուշադրություն դարձնեք ոչ թե ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջներին, այլ նրա լիազորություններին։ Ինքնին, հեղինակությունը շատ կարևոր, բայց ոչ բավարար պայման է։ Վահագն Խաչատուրյանը քաղաքական թիմի անդամ է, կառավարության անդամ է, որն այս ողջ ժամանակահատվածում մասնակցել է կառավարության նիստերին, քննարկվել են հարցեր, որոնք հետագայում ճանաչվել են սահմանադրությանը հակասող։ Մի մասը, օրինակ, ԱԺ ներկայացվել և հետ է կանչվել, բայց, օրինակ, Վահագն Խաչատուրյանը բոլոր այդ հարցերին կողմ է քվեարկել, չի եղել մեկ դեպք, որ գոնե ձևական հակադրվեր»,- հավելեց Արամ Վարդևանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում