Ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու․ Ի պաշտպանություն դատավորների
Կարծում ենք՝ ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու։ Իհարկե, տարօրինակ է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի ռացիոնալ բացատրություն։ Խնդիրը զուտ իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ։
Մի կողմից նա հասկանում է այսօրվա իշխանության խաղի կանոնը և բնականաբար փորձում է մնալ այդ կանոնների մեջ, մյուս կողմից՝ նա գիտակցում է, որ իրեր քայլերը ապագայում լուրջ քննարկման թեմա են դառնալու ու բացատրություններ տալու խնդիր կարող է առաջանալ։ Նա հասկանում է նաև, որ այսօր ինստիտուցիոնալ անձեռմխելիության մեջ է, և որևէ կառույց ԲԴԽ, դատախազություն չի արձագանքելու իր քայլերին։
Նա հասկանում է նաև, որ չկա քաղաքացիական հասարակություն, որը կաղաղակեր իր գործունեության մասին, չկա եվրոպական մոնիտորինգի ռիսկը, և եվրոպական կառույցները չեն տեսնելու իր քայլերում հակաիրավական տարրեր։
Բայց դատավոր Դանիբեկյանը նաև սովորական մարդ է, և հաստատ ունենում է ապրումներ, երբ իր միկրոմիջավայրում և իր ձեռամբ անարդարություններ է լինում։ Նա նաև իրավաբան է, և շատ լավ է հասկանում, որ այն ինչն այսօր է «կարելի» ՝ շատ կարճ ժամանակ հետո կարող է համարվել լուրջ «Չիկարելի» և կարող է գալ դժվար պատասխաններ տալու պահը։Նա հասկանում է, որ եվրոպական լոյալությունը մեկ վայրկյանում կարող է փոխվել եվրոպական սանկցիաների։
Իրականում մարդկային գործոնը ճնշող հոգեբանական ազդեցություն ունի։ Դատավոր Դանիբեկյանը շատ լավ հասկանում է, որ Արմեն Գևորգյանին մի քանի օրով ԱԺ պատվիրակության կազմում ԵԽ աշխատանքներին մասնակցելու թույլտվություն պետք է տա, և չկա որևէ բանական պատճառ դա չանելու։ Բայց արի ու տես, որ որոշումները վերջում ստացվում են՝ ոչբանական։ Եթե հարցնես, թե ինչու չես թույլ տալիս, որ Ա. Գևորգյանը կատարի իր աշխատանքային պարտականությունները, հասկանալի պատասխան չի հնչի։
Բայց Աննա Դանիբեկյանը նաև քաղաքացի է, ու պարզ տեսնում է, որ այն մեծ, մի քանի տասնյակ հոգուց կազմված անվանացանկից ում Նիկոլը, որպես խմբագիր ու որպես վարչապետ համարում էր թալանչի ու կոռուպցիոներ, հանգիստ շրջագայում են, երբ ուզում մեկնում ու ժամանում են Հայաստան։ Քաղաքացի Դանիբեկյանը իր մեջ հարցնում է՝ ինչպե՞ս է այդպես ստացվում, իրավաբան Դանիբեկյանը՝ ասում է ամեն ինչ օրենքով է։ Սովորական մարդ՝ Դանիբեկյանը սկսում է կասկածել, թե իրո՞ք այսօրվա Հայաստանում ամեն ինչ օրենքով է, դատավոր Դանիբեկյանը որոշում է, որ Ա. Գևորգյանը չպետք է իրավունք ունենա 5 օրով գնալ ԵԽԽՎ։
Այս՝ սովորական մարդ, իրավաբան, քաղաքացի, դատավոր, ամենաթողության և պատասխանատվության անխուսափելիության հոգեբանական հոսանքներն են, որ ազդում են դատավորի վարքագծի վրա։
Գուցե իսկապես, այդ հոգեբանական ճնշումները անհաղթահարելի ուժ են, և կարիք կա պաշտպանել դատավոր Դանիբեկյանին։ Իսկ գուցե, իրոք, կարիք կա, որ դատավորը փոխվի ու այս անիմաստ դատավարությունը հասնի իր տրամաբանական ավարտին։
Մենք սովորաբար աջակցում ենք ինքնուրույն ու արժանապատիվ դատավորներին, ովքեր մասնագիտական գործունեության համար ենթարկվում են իշխանությունների կողմից ճնշումների։ Գուցե իսկապես պետք է վերանայել հարցը։ Գուցե հիմա պաշտպանության կարիք ունեն զանգվածաբար անօրինական որոշումներ կայացնող դատավորները, որոնք զրոյական դիմադրություն են ցույց տալիս իշխանությանանօրինական հրահանգներին։ Այս մարդիկ հանձնվել են բարոյապես և մասնագիտորեն։ Գրեթե ռազմագերու կարգավիճակում են, հետևաբար՝ կոնվենցիայի պաշտպանության տակ։
Այլընտրանքային նախագծեր խումբ