
Ռուսաստանը զրկվել է վոլեյբոլի տղամարդկանց առաջնություն անցկացնելու իրավունքից

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան որոշում է ընդունել 2022 թվականին պլանավորված աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխելու մասին։ Այդ մասին հաղորդվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում: «2022 թվականի վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունը Ռուսաստանից կտեղափոխվի: Նոր ընդունող երկրները կհայտարարվեն ավելի ուշ»,-ասվում է հայտարարության տեքստում:
«Ֆեդերացիան եկել է այն եզրակացության, որ աշխարհի առաջնության նախապատրաստումն ու անցկացումը Ռուսաստանում հնարավոր չի լինի Ուկրաինայում պատերազմի պատճառով: Համապատասխանաբար, որոշում է ընդունվել Ռուսաստանին հեռացնել վոլեյբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության կազմակերպությունից, որը պլանավորվում է անցկացնել 2022 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին:
Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան եւ «Վոլեյբոլ-2022»-ի կազմկոմիտեն տեղեկացվել են համապատասխան ձեւով»,-ընդգծվում է հայտարարության մեջ: FIVB 2022 վոլեյբոլի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր 2022 թվականի օգոստոսի 26-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ Ռուսաստանի տասը քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Յարոսլավլում, Կազանում, Եկատերինբուրգում, Ուֆայում, Նովոսիբիրսկում, Կեմերովոյում, Կրասնոյարսկում:
Առաջնության մասնակիցներն են՝ Վոլեյբոլի համառուսաստանյան ֆեդերացիայի թիմը, Լեհաստանը, Թունիսը, Կամերունը, Իտալիան, Սլովենիան, Բրազիլիան, Արգենտինան, Պուերտո-Ռիկոն, Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Սերբիան, Կուբան, Նիդեռլանդները, Գերմանիան, Մեքսիկան, Թուրքիան, Եգիպտոսը, Քատարը, Բուլղարիան, Չինաստանը, Ճապոնիան, Իրանը: Մրցախաղի ձեւաչափը նախատեսել է երկու խմբային փուլ եւ Վեցի եզրափակիչ Մոսկվայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: