«Թշնամին գիշերվա ժամերին մեծ լուսարձակներով լույսեր է գցում մարդկանց տների վրա». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղյակ է, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բազմաթիվ գյուղեր ունեն ջրի խնդիր, քանի որ նախորդ տարվա մայիսի 12-ին թշնամին ներխուժելով ՀՀ տարածք, իր հսկողության տակ է վերցրել ջրերի ակունքները:

«Անձամբ տեսել եմ, հետաքրքրվել եմ, քաղաքացիների հետ խոսել եմ, ջրի խնդիրն առկա է Գեղամասար խոշորացված համայնքի մի շարք գյուղերում, Սոթքում, Նորաբակում ջրի ակունքները նախորդ տարվա մայիսից  գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Հայաստանը բավականին խոշոր ու լուրջ ներդրումներ էր արել, կոմունիկացիաներ էր ստեղծել, որպեսզի ջուրն անարգելք հոսեր դեպի համայնք: Բայց այսօր քաղաքացիները գնում, կողքի գյուղերից են ջուր բերում, սա լուրջ խնդիր է»,- 168.amի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Գեղամասար համայնքի ղեկավարի ահազանգին, որ համայնքի որոշ գյուղեր ամբողջովին կամ մասնակի զրկված են խմելու ջրից:

Պատգամավորը, սակայն, այս խնդրի լուծումը չի տեսնում, քանի որ չի պատկերացնում, թե առհասարակ միջազգային ո՞ր նորմին է համապատասխանում այն, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում:

«Չեմ կարողանում հասկանալ նաև իշխանության լուռ համաձայնությունն այս ամենին, որևէ քայլ չի արվում, մշտապես խոսում է հայելային հետքաշման մասին: Մինչդեռ, եթե հայելային հետ քաշվենք, ջրի ոչ միայն ակունքները դուրս չեն գա թշնամու վերահսկողության տակից, այլև առհասարակ շատ համայնքներում ջուր չենք ունենա: Նորաբակում, Սոթքում ոչ միայն ջրի խնդիրն է, այլև թշնամու կրակոցները, որոնք շարունակում են ահաբեկչական մթնոլորտում պահել բնակիչներին: Բնակիչներն ինձ տեղեկացրին, որ թշնամին գիշերվա ժամերին մեծ լուսարձակներով լույսեր է գցում մարդկանց տների վրա՝ ահաբեկելով նրանց: Նման դրսևորումները,  Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք անվտանգության գոտի: Եթե այդ անվտանգության գոտին չստեղծվի, ապա սահմանամերձ բնակավայրերը կդատարկվեն, սա լուրջ խնդիր է, որն օր առաջ պետք է լուծել»,- հավելեց Թագուհի Թովմասյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի սահմանամերձ գյուղերի անվտանգության խնդիրները լուծելուց:

Նա չի պատկերացնում, թե ինչպես իշխանությունը կլուծի այդ խնդիրները, քանի որ նրանց կողմից այդ ուղղությամբ որևէ ձգտում չի տեսնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս