
Մշտապես կապ եմ պահում Գերագույն Ռադայի իմ գործընկերոջ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ. Հրաչյա Հակոբյան

«Ես մշտապես կապ եմ պահում Գերագույն Ռադայի իմ գործընկերոջ հետ, մշտապես կապ ունեմ նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ. ամեն օր զանգահարում եմ դեսպանին»,- անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում խորհրդարանական ձևաչափով իրականացվող քայլերին՝ 168.am–ի հետ զրույցում նշեց Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց, որ դեսպանը հայտնել է, որ հայերի տարհանման հարց դրված չէ, սակայն, եթե քաղաքացիները ցանկանում են լքել Ուկրաինայի տարածքը, դիմում են դեսպանատուն:
«Երեկ չէ առաջին օրվա դրությամբ՝ 500-ից ավելի զանգ է ստացել դեսպանատունը, օգնել են մարդկանց: Լեհաստանի և Ռումինիայի հետ մեր դեսպանությունը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ՀՀ քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել այդ երկրներ և 15 օրվա ընթացքում լքեն այդ երկիրը՝ գնալով այլ երկիր՝ օրինակ, Հայաստան»,- հավելեց պատգամավորը:
Հարցադրմանը, թե մինչև սահման ինչպե՞ս է կազմակերպվում քաղաքացիների տեղափոխումը՝ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը մանրամասնեց. «Այսօր եմ խոսել դեսպանի հետ: Կա ճանապարհ, որ խորհուրդ են տալիս այդ ճանապարհով գնալ, բայց իրավիճակն այնպիսին է, որ արդեն գրեթե կարելի է ասել՝ բոլոր ՀՀ քաղաքացիները դուրս են եկել, այնտեղ մնացել են Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցները: Ասվել է, որ կա այսպիսի ճանապարհ, որ կարող է տանել դեպի հարավ, բայց անվտանգ չէ»:
Նա շեշտեց, որ դեսպանատունը շարունակում է աջակցել թղթաբանությանն ու իրազեկմանն առնչվող հարցերով: