«Մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ»․ Արևիկ Սիմոնյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը: Իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:
«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,-ասում է Արևիկ Սիմոնյանը։
Դիզայները Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների:Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո:՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն» «Մեղսագործություն»,«Ցավ»,«Կորոստ», «Դատարկություն»: Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված,որ հանդիսատեսը մուտք գործելով այդ սենյակներ միանգամից ընկալում էր թե որ սրահում է:
«Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,– ասում է Արևիկը:
Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:
«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։
Ցուցահանդեսը կրում է H2O խորագիրը,ջուր որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում արցունք, ուրախանում ենք՝ ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն ստեղծելիս մենք փորձում էինք այնպես մատուցել, որ հասկանային գաղափարը: Սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային»,- մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:
Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ. Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը:
Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված:
Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: