Մեկ շաբաթում Երևանում քիմիական թունավորումների 21 դեպք է գրանցվել

«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետևյալ ինֆեկցիոն հիվանդությունները. աղիքային վարակի՝ 21 դեպք, ջրծաղիկի՝ 192, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 44 դեպք: Ունենք քիմիական թունավորումների 21 դեպք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նշվեց, որ սննդային թունավորման դեպքեր Երևան քաղաքի բնակիչների շրջանում չի արձանագրվել: Կորոնավիրուսային վարակի  2209 դեպք է գրանցվել՝ նախորդ շաբաթվա  5082 դեպքի փոխարեն:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ տեղեկացրեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում ՍԱՏՄ թեժ գծի հեռախոսահամարին գրանցվել է 7 ահազանգ, որոնք վերաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտմանն ու մակնշման խնդիրներին: Բոլոր ահազանգների մասով իրականացվել են դիտարկումներ:

Շտապբուժօգնություն ՓԲԸ-ից էլ հայտնեցին, որ կանչերի ընդհանուր քանակը 6738 է: Հիվանդանոց է տեղափոխվել 931 հիվանդ:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից էլ տեղեկացրեցին, որ մարտի 1-ից համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները փոխարինվելու են համար 31 և 11՝ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսային երթուղիներով:

Հաջորդ փոփոխությունները կլինեն ապրիլի 1-ից, մայիսի 1-ից:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոսեց նաև Երևանի մի շարք շենքերի մասին, որոնց մուտքերը դռներ չունեն:

Նա կարևորեց գույքագրում իրականացնելը, որպեսզի մինչև տարեվերջ այնպես անեն, որ ընդհանրապես չլինի մուտք, որը որ չի ունենա դուռ:

«Գողության դեպքերը հիմնականում տեղի են ունենում այն շենքերում, որտեղ որ չկա դուռ»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս