Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է. Իշխան Սաղաթելյան
«Հայ Հեղափոխական Դաշնակցության վերջին ժողովը տեղի է ունեցել Ստեփանակերտում 2019 թվականին, և դա ամենևին պատահական չէր. ՀՅԴ-ն կանխազգում էր այն աղետը, որը սպասվում էր Արցախին: Եվ ամենևին պատահական չէր, որ 2019 թվականանին հենց Արցախից հնչեց այս ազգակործան իշխանությունների հեռացման պահանջը»,- ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների, համաշխարհային նոր ճարտարապետության պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներն առավել են խորանում: Նա համոզված է՝ այս իշխանությունն աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։
«Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է։ Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ ու բարեկեցիկ երկիր»,- հավելեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
ԱԺ պատգամավորի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով, մինչդեռ իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները, այլև իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:
«Օրվա իշխանությունը, անտեսելով Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը, թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրքական ծրագրերը, քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները, փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների անվան տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների,- նշեց նա՝ ընդգծելով, որ մեկ անգամ ևս զգուշացնում են՝ Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,- Հետևաբար՝ հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի»: