Բաժիններ՝

Թմրամիջոց աճեցնելու, պատրաստելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք պահելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու, ինչպես նաև դրանք վերամշակելու և զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչը իր բնակության վայր հանդիսացող շենքին կից հողամասում, 2019թ. աշնանից մինչև 2020թ. գարունն ընկած ժամանակահատվածում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված, խոշոր չափերով՝ թմրաալկալոիդ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող կանեփի բույսեր, որոնք ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել են 2020թ. հուլիսի 23-ին կատարված խուզարկության ժամանակ:

Բացի այդ, 50-ամյա տղամարդը, վերոնշյալ հողամասում իր կողմից ցանած և աճեցրած կանեփի բույսերը չորացնելով, առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել և վերամշակել է զգալի չափերով՝ ընդհանուր 6.69 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր անձնական օգտագործման համար այն պահել նշված հողամասում տեղադրված վագոն տնակում գտնվող իր բաճկոնի գրպանում և վագոն տնակին կից գտնվող երեսպատման սալիկների արանքում՝ պլաստմասե տարրայի և թղթե փաթեթների մեջ, որոնք հայտնաբերվել են խուզարկության ժամանակ:

Քննությամբ պարզվել է նաև, որ 50-ամյա տղամարդը ապօրինի կերպով ձեռք է բերել և հիշյալ վագոն տնակում գտնվող բաց պահարանում՝ օծանելիքի տուփի մեջ, պահել է 21 հատ 5,45 մմ /5,45×39/ տրամաչափի փամփուշտներ, որոնք ևս հայտնաբերվել և վերցվել են խուզարկության ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս