Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա: ՝«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան չվացուցակում փոփոխություններ են եղել:
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-ասված է հաղորդագրությունում: