Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը շեշտել է, սակայն, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը, և դա իրենց համար սկզբունքային մոտեցում է: Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Մինսկի համաձայնագրերի հիման վրա արդյունքի հասնելու կարևորությունը:

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ խնդրի սրացումը և բախումները ոչ ոքի օգուտ չեն բերի՝ ավելացնելով, որ իրենք կարևորում են դիվանագիտական շփումների ու բանակցությունների շարունակումը: Նա հերթական անգամ ասել է, որ լարվածության թուլացման և խաղաղության պահպանման համար իրենք պատրաստ են անել այն ամենը, ինչը կախված կլինի իրենցից:

Թուրքիայի նախագահը, նշելով, որ իրենք այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ են անում, ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել:

Վերջում էլ Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմը ամենասեղմ ժամկետներում սպասում է Պուտինի այցին:

Տեսանյութեր

Լրահոս