«Թե ինչպես եմ լրտեսների արարքը որակում՝ ամաչում եմ տեսախցիկների առջև արտահայտեմ». Արման Սարգսյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադառնալով տեղեկություններին, որ Փայլասարի որոշ հատվածներից թշնամին հետ է քաշվել և առնվազն 20 օր չեն տեղակայվի, նկատեց՝ եթե կարիք լինի ստանալու ճշգրիտ տեղեկատվություն, ապա պետք է հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։
«Նորից կրկնելու եմ նույն միտքը, ցանկալի չէ զինված ուժերի տեղաշարժերի, դիրքերի վերաբերյալ այսպիսի բաց հանրային քննարկումներ ծավալել։ Հիմա դուք ինձ կասեք՝ հերքեք, կամ հաստատեք։ Ուղղակի խնդրում եմ, մի բան կասեմ, որ ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկություն է տարածում, թե իբր հայկական կողմը դիմում է սադրանքների, կրակոցներ կան, բայց ի ուրախություն մեզ՝ դուք էլ եք տեսնում, որ վերջին շրջանում հարաբերականորեն կայուն է։ Այս խոսքով ավարտենք այս թեման»,- նշեց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է լրտեսական ցանցի հայտնաբերմանը և հարցին՝ բարձրաստիճան սպաներ հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ, Արման Սարգսյանը լրագրողներին հորդորեց նախ դիմել Ազգային անվտանգության ծառայությանը։
«Գոյություն ունի նախաքննական մարմին, եթե այն ԱԱԾ-ի քննչական մարմին է, կարող եք տեղեկատվություն ստանալ իրենցից, և ցանկալի է, որ իրենցից ստանաք։ Գոյություն ունեն կարգավիճակներ, հիմա եթե ասեմ՝ մեկին կանչել են, գուցե որպես վկայի կարգավիճակով են կանչել, բայց թյուրընկալմամբ այդ խոսքը փոխվի ու դառնա, որ նա ունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ։ Նախաքննությունն այդ ամենի պատասխանը կտա»,- շեշտեց Պաշտպանության փոխնախարարը։
Հարցին՝ եթե լրտեսական ցանցում ներգրավված են բարձրաստիճան սպաներ, ՊՆ-ի բացթողումն այդտեղ կա՞, Արման Սարգսյանը պատասխանեց, որ, բնականաբար, այդտեղ բացթողում կա, սակայն այդ հարցերի պատասխանը կտա նախաքննությունը։
«Եթե նույնիսկ ունենամ հստակ տեղեկատվություն, ես զերծ կմնամ նման հարցի պատասխանելուց, որովհետև քննության ընթացքում հրավիրվել են, ենթադրում եմ, որ նաև հրավիրվելու են բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև՝ զինվորականներ։ Եթե նախաքննական մարմինը հարմար գտնի հրապարակել տեղեկատվություն, ինչ չափով, որ հասանելի է հանրությանը, նա կհրապարակի։
Թե ինչպես եմ ես նրանց արարքը որակում, ամաչում եմ տեսախցիկների առջև արտահայտեմ։ Բայց չխախտելով անմեղության կանխավարկածը, եկեք ես դեռ չորակեմ, բայց որպես մարդ, հայ՝ ես չեմ կարող այն որակումը, որը մտքումս կա՝ բարձրաձայնեմ»,- հավելեց Ա. Սարգսյանը։