«Հայ-թուրքական հարաբերությունների համար իրականում երկու կողմերը քննարկում են փաստաթուղթ». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ արդեն երկրորդ անգամ ՔՊ-ն ձախողում է կարևոր հարցով ԱԺ արտահերթ նիստը։

«Մեր առաջին նիստը սահմանազատման ու սահմանագծման մասին էր, սակայն ՔՊ-ն պատճառաբանեց, որ մեր հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, այդ պատճառով էլ չեն մասնակցում արտահերթ նիստին։

Ինչ վերաբերում է մեր 2-րդ հայտարարությանը, ապա 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ըստ էության կնքվել է ռազմաքաղաքական դաշինք, որն ամբողջովին ուղղված է Հայաստանի դեմ։ Այդ հռչակագիրը վավերացվել էր Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից։ ՀՀ  ԱԺ-ն՝ իբրև առաջնային մանդատ ստացած կառույց, պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ, և «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարության նախագծով, որը ՔՊ-ն առանց լուրջ պատճառաբանությունների  բոյկոտեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի բնորոշմամբ՝ այս ամենով պետք է հստակ արձանագրել, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն ըստ էության վավերացնում է  այդ փաստաթուղթը և սպասարկում է  Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Հետևաբար՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ ու առնչություն չունի Հայաստանի, Արցախի  շահերի հետ, սա ևս մեկ փաստ է, որ տեսնեն ու դրանում համոզվեն։

«Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ սրանից հետո, եթե քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն ասի, որ հայ -թուրքական հարաբերությունների ժամանակ նախապայման չկա, սա ընդամենը երեսպաշտություն է և մեր ժողովրդին ձեռք առնելու փորձ։ Այդ նախապայմանները կան, և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում նաև վաղվա հանդիպմանը… Ավելին, կարծում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների համար իրականում երկու կողմերը քննարկում են փաստաթուղթ՝ հակառակ պարագայում ինչի՞ մասին են բանակցում։ Եթե խոսում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ապա դրա համար երկար բանակցելու խնդիրը ո՞րն է, թող մեկ նախադասությամբ դրա մասին հայտարարեն ու փոխանակեն դեսպաններ։ Իսկ եթե շարունակում են բանակցությունները, նշանակում է՝  քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ արտացոլված են լինելու հայ-թուրքական պայմանները»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում  «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն էր՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել ԱԺ արտահերթ նիստին, ուստի քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։

Տեսանյութեր

Լրահոս