ԵՄ-ն անցել է ակտիվ աշխատանքի Երևանի ու Բաքվի հետ. Ինչո՞ւ է Տոյվո Կլաարը կրկին ռեգիոնում
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին տարածաշրջանում է: Կլաարը, որը պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում ԵՄ միջնորդությունն է համակարգում, հաճախակիացրել է այցերը Հայաստան և Ադրբեջան, և այս այցը Կլաարի երկրորդ այցն է տարածաշրջան այս տարի:
Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաև հունվարի 21-ին ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձ էր կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին, մտքեր էին փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, ընդգծվել է նաև ԼՂ հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ում դեմ օրերս Երևանում բողոքի ակցիա տեղի ունեցավ:
ՀՀ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, այդ համատեքստում առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը, կարևորվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
«Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը: Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Վրացի քաղաքական մեկնաբան Իրակլի Մենագարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ներդրումային փաթեթներով ուժեղ քաղաքական կամք է ցույց է տալիս՝ մասնակցելու այս տարածաշրջանում ձևավորվող իրականությանը:
«Փաստը, որ Ադրբեջանին ևս ներդրումային մեծ փաթեթ տրվեց, բավականին հետաքրքրական հանգամանք էր և ցույց էր տալիս, որ ԵՄ-ն աջակցում է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին և այն քննարկումներին, որ նրանք անցկացնում են տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծելու, տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները բացելու ուղղությամբ, որում ԵՄ-ն ևս շահեր ունի: Եվ տեսնում ենք, որ գործընկերների հետ ֆինանսական լծակներով հարաբերվելու ավանդույթը տալիս է որոշակի պտուղներ, քանի որ, փաստորեն, հաջողվում է ռուսական միջնորդությանը զուգահեռ՝ բանակցային երկրորդ գիծ բացել եվրոպական միջնորդությամբ, մասնավորապես՝ Ֆրանսիայի ու ԵՄ-ի: Սակայն այս քաղաքականության գերնպատակը հենց կոմունիկացիաներն են, քանի որ, ի վերջո, կարգավորման գործընթացով սկսելու է ինչ-որ պահից զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ ԵՄ ներդրումային փաթեթներում կոնկրետ կոմունիկացիոն նախագծերին ուղղված միջոցներ կան»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով, հատկապես ներկայումս, երբ Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները փակուղում են, ավելին՝ Արևմուտքը Ռուսաստանին ճնշելու քաղաքականություն է փորձում վարել, չէր կարող թույլ տալ պասիվ քաղաքականություն Հարավային Կովկասում պատերազմից հետո կարևոր այս փուլում, այն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը բավականին ամուր ներկայություն ու դիրքեր ունի:
«ԵՄ-ն, ԱՄՆ-ը չկարողացան որևէ դերակատարություն ունենալ պատերազմի ընթացքում, և պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ խաղաղապահներ տեղակայելով, սակայն ԵՄ-ն իր հետևողական քայլերով կարողացավ ստանձնել կայուն կերպով աճող դերակատարություն, կարողացավ այնպես անել, որ այն ընդունելի լինի նաև Ադրբեջանի կողմից, որին հարմար էր ռուսական միջնորդական շրջանակը: Իսկ դա արվեց անընդհատ այցերով, բանակցություններով, ներդրումային այս փաթեթներով և բարձրաստիճան ներգրավմամբ, որը, եթե ավելի վաղ լիներ, գուցե տարածաշրջանում որոշ իրադարձություններ այլ հունով ընթանային»,- ասաց Մենագարիշվիլին:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ չափազանց կարևոր է արձանագրել, որ այս լարված փուլում այս երկու՝ ռուսական և եվրոպական նախաձեռնությունները միմյանց փոխլրացնում են և ոչ խոչընդոտում:
«Դա այդպես է այն բանի շնորհիվ, որ պահպանվում է բանակցային լավ տեմպ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև, որոնք իրենց հայտնի վերջին հանդիպմանը ևս քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և իրավիճակը ռեգիոնում: ՌԴ դիվանագիտությունը, մյուս կողմից՝ ներկայումս իր ողջ ռեսուրսն ու ուշադրությունն ուղղել է դեպի ուկրաինական հակամարտություն, և Ղարաբաղյան ուղղությամբ ակտիվ գործողություններ չենք տեսնում, ինչը նաև մյուս բոլոր գործոնների հետ միասին՝ ԵՄ-ին ավելի ակտիվ աշխատելու հնարավորություն է տալիս: Ի վերջո, կարծում եմ, որ բուն կարգավորումը՝ ապաշրջափակում, սահմանազատում, ամեն դեպքում, ռուսական տիրույթում է, սակայն ԵՄ-ին հարկավոր է դուրս չմնալ և լիովին չպարտվել այս տարածաշրջանում, քանի որ տարածաշրջաններն ակտիվ վերափոխումների փուլ են թևակոխել: Այս իրավիճակում շատ անկանխատեսելի է, թե մեկ կամ երկու տարի անց ինչ կլինի, թեկուզ Հարավային Կովկասում և աշխարհում ազդեցության ինչ գոտիներ կձևավորվեն: Իրավիճակը ստիպում է բոլոր խաղացողներին վերադառնալ ռազմավարական ռեգիոններ և աշխատել: Սա պետք է դիտարկել աշխարհաքաղաքական պայքարի կոնտեքստում»,- ասաց վերլուծաբանը: