«ԱԺ քննիչ հանձնաժողովին հասանելի են լինելու գաղտնիության ռեժիմի բոլոր փաստաթղթերը». Անդրանիկ Քոչարյան
Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին, իսկ այսօր նիստի ժամանակ հայտարարեցին՝ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին հանձնաժողովի նիստը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ենթադրում է, որ ընդդիմության շահերից չի բխում, որպեսզի հանձնաժողովի աշխատանքները լինեն հաջողված։
Անդրանիկ Քոչարյանը վերհիշեց նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ու չհրապարակված զեկույցը՝ զուգահեռաբար մեղադրելով ընդդիմությանը, որ բացի երեք հոգուց՝ մյուսները չեն կարդացել զեկույցը.
«Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը ժամանակ ուներ ծանոթանալու, գոնե ձայնագրությունները նայեն, թե իրենց ֆրակցիայի ղեկավարին ինչ հարցեր են տրվել, և նա ինչպես է պատասխանել այդ հարցերին։ Նույնը նաև Սերժ Սարգսյանի դեպքում, 5 ժամանոց ձայնագրություն կա»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
ԱԺ ՔՊ-ական պատգամավորը վերհիշեց նաև, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո ինչպես ձևավորվեց փաստահավաք խումբը, որի 5 անդամներից 3-ն, ըստ էության, իշխանությունն էին ներկայացնում, 2-ը՝ ընդդիմությունից էին՝ Անդրանիկ Քոչարյան և Սեդա Սաֆարյան։
«Մենք երբեք չենք ասել, որ չենք մասնակցելու, բայց իշխանությունը փախավ փաստահավաք խմբից, թող մեր գործընկերները գային, մեզ գամեին անարգանքի սյունին, եթե մենք մեզ սխալ պահեինք։
ԱԺ քննիչ այս հանձնաժողովին հասանելի են լինելու գաղտնիության ռեժիմի բոլոր փաստաթղթերը, լավ, դրանից հրաժարվե՞ն, ընդդիմադիրներն իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալուց, որպեսզի այդ կարծիքը ձևավորվեր, նրանք ծայից ծայր պետք է մասնակցեին։ Հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք»,- շեշտեց նա։
Միաժամանակ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մի քանի օր առաջ Գեղամ Նազարյանն իրեն վստահեցրել է, թե ով՝ ով, բայց ինքն անպայման մասնակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ որդի է կորցրել։ Սակայն այսօր նա հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու։
«Ես շատ եմ ուզում Գեղամ Նազարյանը մասնակցի, նա էլ է ուզում, ո՞վ չթողեց»,- հարցով ավարտեց խոսքը Ա. Քոչարյանը։