Կարմիր բերետավորների օգնությամբ քանդել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը․աշխատակիցներն ահազանգում են

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ վաղ առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում կարմիր բերետավորների օգնությամբ գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստացած կառուցապատողը քանդել է ինստիտուտի պարիսպը։

-Մի հատ էլ վագոն-տնակ են ուզում դնել, մեր ճաղավանդակը ավիրել են,-168.am-ին հայտնեցին գիտաշխատողները։

Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները 2020թ․հուլիսի 29-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Պատճառն այն է, որ հաստատության տարածքում բնակելի շենք են ուզում կառուցել, ինչը, նրանց պնդմամբ, անթույլատրելի է:

Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող  ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից թույլատրված 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց ենթակայությանը, որ նրանք մաքրեն: Իրենք 2007թ․սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ը և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:

«Սակայն 10 տարի հետո՝ 2017թ., Քննչական կոմիտեն տալիս է եզրակացություն, որ այդ առևտրային ակտն ապօրինի է: Այսինքն, ապօրինի վաճառվել է մասնավորին, բայց քանի որ 10 տարի անցել է, քրեական պատասխանատվության հնարավոր չէ ենթարկել, այդ մարդը եկել ու ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղում երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները:

Ուզում են բնակելի շենք սարքել, սակայն նախ՝ վնասում են գիտությանը. նորմալ օդափոխությունից, լույսից են կտրում: Սրան գումարած՝ մեզ մոտ ցանկություն կա սնդիկի պահեստ սարքել: ՄԱԿ-ի որոշում կա, որ սնդիկի շարժն արգելվում է: Պատկերացրեք, 200 ընտանիք՝ 25 հարկանի շենքում, բակ չկա, պետք է անընդհատ քիմիական նյութերի օդը շնչեն»,- մանրամասնել էր Արթուր Հարությունյանը:

Գիտաշխատողների պնդմամբ՝ եթե այդ տարածքում շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու: Շատ զգայուն, 2019թ. գնած վերջին սերնդի սարք կա, ու նման կենտրոնին վնասելը պարզապեսվ նաս է հասցնում ՀՀ ապագային:

Տեսանյութեր

Լրահոս