Բաժիններ՝

Պետք է կրթական լուրջ ռեֆորմ իրականացվի, որպեսզի ունենանք գրագետ վարորդներ, գրագետ քաղաքացիներ, և հասկանանք, որ իրավախախտում կատարելը ոչ թե հաճույք է, այլ՝ ամոթ. Տիգրան Քեյան

ԱԺ-ն փետրվարի 9-ի նիստում չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Ընդդիմությունը հիշեցրել էր՝ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, նշել էր, որ տվյալ դեպքում վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների հանում, 9 բալի սպառման դեպքում՝ ընդհուպ վարորդական իրավունքի կասեցում: Ըստ ընդդիմության՝ երկու առանձին պատասխանատվության միջոց զուգահեռ են կիրառվում, ինչն անթույլատրելի է:

Սակայն իշխանությունից պնդել էին, որ տուգանային միավորը կարող է լինել՝ ինչպես հիմնական, այնպես էլ՝ լրացուցիչ, և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ:

Ընդ որում, իշխանական պատգամավորներից նշել էին՝ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանից հետաքրքրվեցինք՝ ընդհանրապես 9 բալանոց համակարգն իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ պատժամիջոցներ սահմանելուց բացի, պետք է ունենալ կիրթ հասարակություն:

«Միայն պատժի միջոցները չեն կարող ամբողջությամբ արդարացնել այն, ինչ ուզում ենք, որ լինի: Դրա համար պետք է կրթական լուրջ ռեֆորմ իրականացվի, որպեսզի ունենանք գրագետ վարորդներ, գրագետ քաղաքացիներ, և հասկանանք, որ իրավախախտում կատարելը ոչ թե հաճույք է, այլ՝ ամոթ: Հենց ունենանք այդ հասարակությունը՝ ուզում է 9, 10, թե 1 բալ լինի՝ դա արդեն իր էֆեկտը չի ունենա»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը՝ հավելելով, որ Երևանում պարեկային ծառայությունը բավականին խիստ է աշխատում, քան նախկին ճանապարհային ոստիկանությունը:

«Շատ դիմումներ ու բողոքներ եմ ստանում՝ խմածության համար վարորդական իրավունքից զրկելու վերաբերյալ, որը նախկինում չենք ունեցել: Սա խոսում է Երևանում անցկացվող խիստ ստուգումների մասին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում արդեն ոչ սթափ երթևեկող վարորդներ էլ չեն լինի, կամ նրանց թիվը շատ քիչ կլինի»,- նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Հավելենք, որ Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից. «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս