
Վանաձորում ոստիկանները կանխել են զինված բախումը․ հայտնաբերվել են ատրճանակներ ու զինամթերք

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել:
Փետրվարի 1-ին ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։
32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով և 22 սմ երկարությամբ ծալովի դանակ։ 35-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվել է 3 փամփուշտ և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ավտոմեքենայի զննությամբ՝ վարորդի կողքի նստելատեղի վրայից հայտնաբերվել և վերցվել է գործարանային համարը ջնջված, «Մակարով» տիպի ատրճանակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: