Ջութակն իմ ձեռքի շարունակությունն է. «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյան
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը դասական բարձր արվեստին ծանոթացել է մանկուց: Տանը մշտապես հնչել են հանրահայտ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները՝ ականավոր երաժիշտների կատարմամբ: Առաջին անգամ լսելով ջութակի կախարդական ելևէջները՝ Մադոյանը որոշել է՝ ջութակահար է դառնալու: Երաժիշտը, որն արդեն ՀՀ վաստակավոր արտիստ է և համերգներով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում՝ հնչեցնելով օտար և հայ կոմպոզիտորների գործեր, պարբերաբար տոն է նվիրում հայ ունկնդրին՝ ելույթ ունենալով հայրենիքում:
Մադոյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ փետրվարի 6-ին Երևանի օպերային թատրոնում կներկայանա «Համաշխարհային գոհարներ» համերգով, որը կղեկավարի դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլայ Մադոյանը պատմել է մասնագիտության ընտրության, իր կայացման գործում դերակատարություն ունեցած մարդկանց, մրցույթներում՝ հաղթանակների և առաջիկա ծրագրերի մասին:
– Պարոն Մադոյան, մի առիթով նշել եք, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր ընտանիքը: Ինչպե՞ս:
– Հայրս անգիր գիտեր օպերային աշխարհը, ամենահայտնի ու սիրված արիաները: Նա գեղեցիկ ձայն ուներ ու հաճախ էր երգում, սակայն երաժշտական կրթություն չուներ: Մեր տանը կային բազմաթիվ ձայնագրություններ, հավաքածուներ. միշտ երաժշտություն էր հնչում: Սիրում էի լսել մեծանուն ջութակահարների ձայնագրություններ: Հիշում եմ՝ առաջին ձայնագրություններից մեկը Յաշա Հայֆեցինն էր. ապշեցուցիչ էր: Որոշեցի՝ ջութակահար եմ դառնալու:
– Շատերն են ձգտում զբաղվել երաժշտությամբ, սակայն ոչ բոլորին է դա տրված: Ինչպե՞ս բացահայտվեց Ձեր տաղանդը, ո՞վ առաջինն այն նկատեց:
– Երջանիկ եմ, որ ուսանել եմ հայտնի ու հմուտ մասնագետների մոտ: Իմ առաջին ուսուցիչը Երևանում՝ Չայկովսկու դպրոցում, եղել է Հրաչյա Բոգդանյանը: Նա եղել է Միրոն Պոլյակինի աշակերտը, որն իր հերթին եղել է Լեոպոլդ Աուերի աշակերտը, որի մոտ սովորել են Հայֆեցը, Նաթան Միլշտեյնը և այլ ականավոր ջութակահարներ: Աուերի օգնականն է եղել Հովհաննես Նալբանդյանը: Քչերին է հայտնի, որ տեխնիկական և այլ հմտություններ Աուերի աշակերտներին փոխանցում էր հենց Հովհաննես Նալբանդյանը: Կարծում եմ՝ կարևոր է իմանալ նաև, որ Իցհակ Պերլմանի և Պինկաս Ցուկերմանի ուսուցիչը եղել է Իվան Գալամյանը: Ըստ իս՝ մենք ունենք ջութակահարների դպրոցի շատ հին ու հարուստ ավանդույթներ:
– Դուք հիշո՞ւմ եք ջութակի հետ Ձեր առաջին հանդիպումը: Ի՞նչ զգացիք, երբ գործիքը Ձեր ձեռքում էր:
– Կարծում էի, որ նվագելը հեշտ է: Այդպես չէր: Երբ սկսեցի պարապել, ամեն ինչ այլ տեսանկյունից էի ընկալում, հասկանում, որ հաջողության հասնելու համար քրտնաջան աշխատանք է պահանջվում, բայց ես շատ բախտավոր եմ, որ ունեցա այնպիսի պրոֆեսորներ, որոնք ինձ ճիշտ ուղղությամբ տարան: Նրանցից է Զախար Բրոնը, որի մոտ ուսանել եմ Մաքսիմ Վենգերովի, Վադիմ Րեպինի հետ՝ Նովոսիբիրսկում: Հետո մեզ հրավիրեցին Գերմանիա, որտեղ շարունակեցինք մեր ուսումն ու հյուրախաղերով էինք հանդես գալիս տարբեր երկրներում: Գերմանական հեղինակավոր փառատոններից մեկում նվագեցինք դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Հանդիսատեսը տպավորված էր, և մեզ առաջարկեցին շարունակել մնալ Գերմանիայում: Ուրախ եմ, որ եվրոպական ավանդույթներին ծանոթացա: Խորհրդային միությունը փակ էր, և մենք շփվելու, համեմատելու հնարավորություն չունեինք, սակայն մեզ հաջողվեց դա, և ես վերանայեցի կատարման իմ մեկնաբանությունները, այլ կերպ սկսեցի ընկալել Մոցարտի, Հայդնի և այլ հեղինակների գործերը:
– Երաժշտական գործիքներին երգեր են նվիրում, բանաստեղծություններ: Ձեզ համար ջութակը երաժշտությունը տեղ հասցնելու միջո՞ց է, թե՞ նաև ընկեր, բարեկամ:
– Ջութակն իմ ձեռքի շարունակությունն է: Անգամ փողոցում զբոսնելիս այն ինձ հետ է: Ժամանակի ընթացքում գործիքի հետ ներքին կապ է ստեղծվում: Այն ասես քո ձայնը լինի: Կարծում եմ, որ երաժշտական գործիքների ձայներից ամենաազդեցիկը ջութակն է: Այն ամենաօբյեկտիվն է: Երաժշտությունը բառերի կարիք չունի… Գործիքային ձայնը չափազանց ազդեցիկ է:
– Հրաշալի ուսուցիչներ եք ունեցել, ինչը բերել է նրան, որ հաղթել եք Չայկովսկու մրցույթում, ընդգրկվել եք «Դյուցազնագրքում», 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան նվագելով՝ դարձել եք «Գինեսի» ռեկորդակիր: Երբ ժամեր շարունակ նվագում եք ռեկորդ սահմանելու համար, երաժշտությունը շարունակո՞ւմ է վեհ արվեստ մնալ, թե՞ վերածվում է սպորտի:
– Ինձ համար կարևոր է գեղարվեստականությունը: «Գինեսի» ռեկորդակիր դառնալու համար 2017 թվականի փետրվարի 11-12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագեցի մոտ 60 ստեղծագործություն, որոնցից 4-ը՝ հայկական: Ամեն անգամ նույն գործը պետք է նորովի մատուցեի, ինչն ինձ համար շատ կարևոր էր: Փորձում էի նաև հասկանալ սեղմ ժամանակում կենտրոնանալուս աստիճանը: Համերգային կյանքում դա ինձ շատ օգնեց: Աշխատանքս հեշտացել է, և ես չեմ մտածում որևէ տեխնիկական տարրի մասին:
– Հնարավո՞ր է՝ հետագայում որոշեք գերազանցել Ձեր իսկ սահմանած ռեկորդը:
– Կարիք չկա: Այն անգերազանց է մինչ օրս: Ինձ շատ է ուրախացնում, որ այդ ռեկորդը գրանցեցինք Հայաստանում: Ինձ համար շատ կարևոր է միշտ բարձր պահել մեր երկրի պատիվն ու ներկայացնել երաժշտական ավանդույթները:
– Հայաստանում Ձեզ ունկնդրելու հնարավորություն հաճախ չէ, որ ունենում ենք, սակայն փետրվարի 6-ին տոն կնվիրեք Ձեր արվեստի երկրպագուներին՝ հանդես գալով Երևանում: Ի՞նչ ստեղծագործություններ եք ներկայացնելու:
– Հնչելու են համաշխարհային գոհարներ, հայտնի կոմպոզիտորների մարգարիտներ: Որպես մենակատար, ինձ համար բավականին բարդ ծրագիր է և պահանջում է հատուկ կենտրոնացում: Ընդգրկել ենք նաև ջազային, լատինաամերիկյան գործերի մեկնաբանություններ: Փորձում եմ Հայաստանում միշտ նոր նվաճումներ ունենալ, ձգտում եմ կատարել գործեր, որոնք կրթական առումով նշանակություն կունենան, այսինքն՝ ունկնդրին ներկայացնում եմ յուրահատուկ ստեղծագործություններ:
– Դիրիժոր, Օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի հետ առաջին անգամ չեք աշխատում: Կա՞ դիրիժոր և երաժիշտ կապը: Եթե այո, ինչպե՞ս է այն ծնվում:
-Շատ ուրախ եմ, որ Կարեն Դուրգարյանի հետ հաճախ ենք համագործակցում և բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: Ինձ շատ հաճելի է նվագել Դուրգարյանի հետ, քանի որ նրա շնորհիվ գրեթե չես զգում, որ մի ամբողջ նվագախումբ է քեզ հետ նվագում: Դիրիժորի և նվագախմբի միջև ստեղծված ներդաշնակությունը վարպետության լավագույն դրսևորումներից է:
– Հայաստանից հետո որտե՞ղ եք ելույթ ունենալու: Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:
– Վերադարձել եմ Գերմանիայից: Կաշխատեմ ավելի ինտենսիվ ելույթներ ունենալ Հայաստանում: Մարտին դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ ծրագրում ենք միայն Վիվալդիի գործերից բաղկացած ծրագիր ներկայացնել: Հայտնի է, որ Վիվալդին գրել է 200-ից ավելի ջութակի կոնցերտներ: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը:
Երգչախումբը կկատարի Վիվալդիի հոգևոր ստեղծագործությունները: Նախատեսում եմ նոր ձայնագրություններ անել՝ բաղկացած միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Մենք ունենք բազմաթիվ հանճարեղ կոմպոզիտորներ, ինչպիսիք են Էդվարդ Բաղդասարյանը, Ղազարոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը, Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Հարությունյանը և այլք:
Միշտ աշխատել եմ քարոզել հայ կոմպոզիտորներին՝ նրանց ստեղծագործությունները կատարելով աշխարհի տարբեր ծայրերում: Բոլորը միշտ հիացած են եղել, զարմացել, թե ինչու հայ հեղինակներին լավ չեն ճանաչում: Երբ Իտալիայում նվագեցի Առնո Բաբաջանյանի գործերից մեկը, հանդիսատեսն ապշած էր, խնդրեցին, որ հաջորդ անգամ իմ ծրագիրը կազմեմ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Ծրագրերը շատ են: Հույս ունեմ, որ ոչինչ չի խանգարի դրանց իրագործմանը: