Վրաստանում մինչև հուլիս պետք է պատվաստված լինի բնակչության 70 տոկոսը. Գամկրելիձե
Իմունացման խորհուրդը հաստատել է պատվաստման 2022 թվականի ազգային պլանը, որի համաձայն՝ մինչեւ հուլիս կորոնավիրուսի դեմ պետք է պատվաստված լինի Վրաստանի բնակչության 70 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Այսօրվա դրությամբ երկրում պատվաստում է ստացել չափահաս բնակչության 42,6 տոկոսը: Միեւնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդացել է Վրաստանի բնակչության գրեթե երրորդ մասը: «Մենք բոլորս խորհուրդ ենք տալիս երրորդ չափաբաժինն ստանալ: Պատվաստանյութերի պաշար կա: Խթանիչը լուրջ սահմանափակիչ մեխանիզմ ունի: Այսպիսին է նոր պլանը. մինչեւ հուլիս պետք է պատվաստված լինի բնակչության 70 տոկոսը»,-հայտարարել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով՝ իմունացման նոր պլանը նախատեսում է տեղեկատվական արշավի ակտիվացում, դրամական խրախուսում, մինչեւ 12 տարեկան երեխաների պատվաստում՝ հատուկ չափաբաժնով:
Մեկնաբանելով երկրի համաճարակաբանական իրադրությունը՝ Գամկրելիձեն նշել է, որ ներկա դրությամբ Վրաստանում առավելակետի շրջանն է, թեստավորման արդյունքներով դրական պատասխանների բաժինը հասել է 30,05 տոկոսի: Կորոնավիրուսով ախտահարվածների օրական աճը վերջին օրերին տատանվում է 24-26 հազարի սահմաններում այն դեպքում, երբ դեռ հունվարի կեսին այդ ցուցանիշը միջին հաշվով կազմելէ 5 հազար: Փետրվարի 3-ի տվյալներով՝ ընդամենը Վրաստանում արվել է 2 միլիոն 736 հազար 590 պատվաստում:
Մեկ չափաբաժնով պատվաստվել է 1 միլիոն 337 հազար 957 մարդ (սա 18-ից բարձր տարիքի բնակչության 46,6 տոկոսն է), երկու չափաբաժնով՝ 1 միլիոն 224 հազար 149 մարդ (սա 18-ից բարձր տարիքի բնակչության 42,6 տոկոսն է): Խթանիչ-չափաբաժինն ստացել է 172 հազար 139 քաղաքացի, հաղորդել է Sputnik-ը: