Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված է մեկ օրվա համար:
Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետեւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը: Ինչպես հաղորդել է Ուշակովը, սպասվում է միջկառավարական, միջգերատեսչական եւ առեւտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում:
Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15 հատ, եւ դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»: Ուշակովը նաեւ պատմել է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլանների մասին, որոնցում «արտացոլված կլինեն Ռուսաստանի եւ Չինաստանի ընդհանուր հայացքները համաշխարհային կարեւորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: