Մեծ պատիվ է Հայաստանի բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ լինելը. Ռեքս Կալամյան
Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, ստանձնելով ընտրանու «ղեկը», հայկական բասկետբոլը կարող է հասցնել այլ մակարդակի: Կալամյանը շուրջ 30 տարվա փորձ ունի NBA-ում, ինչն ի նպաստ դնելով հայկական բասկետբոլի զարգացման գործում, կարող է հիմք դնել նոր՝ այլ որակի հավաքական ունենալու երազանքին:
«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Կալամյանը խոսել է հավաքականի և Հայաստան գալու մասին:
-Պարոն Կալամյան, ինչպե ՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ:
-Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ կապը հաստատվեց մի քանի տարի առաջ: Սակայն իմ խիստ աշխատանքային գրաֆիկի և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր հաջողվում հավաքականի հետ աշխատանքը: Այս ամառը ֆանտաստիկ ժամանակ կլինի, երբ կգամ Երևան, կստանձնեմ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և կօգնեմ հայկական բասկետբոլի զարգացմանը:
-Ինչո ՞ւ համաձայնեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:
-Ինձ համար մեծ պատիվ է հայ լինելը, Հայաստանը և հայկական բասկետբոլը ներկայացնելը: Ինձ համար միայն ու միայն ուրախություն ու հպարտություն է մարզելու մի երկրի հավաքական, որտեղ ծնվել է մեծ մայրս: Մեծ պատիվ և արտոնություն է Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը:
– Մինչ այս ի ՞նչ գիտեիք Հայաստանի ընտրանու մասին:
-Դեռևս ծանոթանում և ուսումնասիրում եմ հավաքականի անդամների խաղը, նրանց խաղաոճը: Ունենք բազմատաղանդ բասկետբոլիստներ, և երջանկություն կլինի, որ օգնենք նրանց զարգացնել իրենց ներուժն ու աճ գրանցել:
-Ո ՞րն է Ձեր նպատակը Հայաստանի հավաքականի ղեկին:
-Նպատակս է օգնել հայկական բասկետբոլին, օգնել բասկետբոլիստ տղաներին և աղջիկներին զարգանալ: Նպատակս է ստեղծել հայկական բասկետբոլի աճի ճիշտ հիմքեր: Ուզում եմ օգնել հայ երիտասարդներին: Նպատակ ունենք, որ բասկետբոլը զարգանա Հայաստանում: Նպատակներից մեկն էլ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի հետ հաղթելն է փոքր երկրների առաջնությունում և մասնակցելը Եվրոբասկետի որակավորման փուլին:
-Հայաստանը նոր-նոր է զարկ տալիս բասկետբոլի զարգացմանը: Արդյոք դժվար չի լինի Ձեր նման մասնագետին աշխատել այստեղ:
-25 տարուց ավել է, ինչ աշխատում եմ NBA-ում: Իսկապես հասկանում եմ, որ ինձնից համբերատար աշխատանք կպահանջվի մարզիչների հետ համագործակցության առումով: Մեծ ջանքեր կպահանջի նաև նոր համակարգ կառուցելը:
-Հայաստանն այս տարի մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մենք այն մեկ անգամ արդեն հաղթել ենք: Ի ՞նչ նպատակով է մասնակցելու Ձեր գլխավորած թիմն այս առաջնությանը:
-Մեծ ոգևորություն եմ ապրում այն մտքից, որ Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի դերում թիմը կտանեմ փոքր երկրների Եվրոպայի առաջնություն: Մեր նպատակը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելն է: Նպատակս է բոլորի ուշադրությունը սևեռել հայկական բասկետբոլի, մեր զարգացման ծրագրի և, իհարկե, Հայաստանի վրա: Մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որ կարողանանք հաղթել այս մրցաշարում և լավ բասկետբոլիստներ ունենալ ընտրանու կազմում:
-Շնորհակալ եմ զրույցի համար, Պարոն Կալամյան: