Պոստսովպեսիմիզմի երկրորդ ալիքը

Հանրային դեպրեսիայի գերիշխող մթնոլորտը Հայաստանում նոր երևույթ չէ։ 90-ականներին նախկին խորհրդային երկրներում տարածում գտավ մի հանրային մտածողություն, որը բնութագրվում էր հասարակության տոտալ դեպրեսիայով և դրանից հետևող՝ պետությունից և իրարից քաղաքացիների մեկուսացմամբ։

Այդ երևույթին տրվեց «պոստսովպեսիմիզմ» անվանումը։ Առաջին ալիքը տարածվեց, երբ անցել էր անկախություն նվաճելու էյֆորիան, ու հանկարծ պարզվեց, որ այդ անկախությունը չի ավելացնում քաղաքացու ազատությունները։

Ավելին, «ջերմուկով երկիրը պահելու» փոխարեն՝ մենք բախվեցինք «ցուրտ ու մութ տարիների» ֆենոմենին, և պարզվեց, որ սերունդների դարավոր երազանքը՝ անկախ պետականությունը, իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ, պահանջում է անխոնջ աշխատանք և անվտանգության սպառնալիքների դիմակայում։

Ներկա շրջանում Հայաստանում (նաև՝ մյուս ետխորհրդային երկրներում) թափ է հավաքել պոստսովպեսիմիզմի նոր ալիքը, որն ունենալով հիմնական ընդհանրություններ առաջին ալիքի հետ, ունի նաև էական տարբերություն։

Պեսիմիզմի հիմնական պատճառները երեքն էին։ Նախևառաջ, կուտակված պասիոնար լիցքի պարպումն էր, ինչը չբերեց ցանկալի արդյունքի։ 90-ականներին այդ լիցքը ծախսվեց անկախության ձեռքբերման, ղարաբաղյան պայքարի և պատերազմում հաղթանակի վրա, սակայն արդյունքում պարզվեց, որ դա այն չէր, ինչը ցանկանում էր ժողովուրդը։

Երկրորդ ալիքի ժամանակ լիցքը ծախսվեց «կոռումպացված նախկին իշխանություններից» ազատվելու և ղարաբաղյան պատերազմում պարտվելու վրա, ինչն արմատապես հակառակն էր այն արդյունքների, որոնք ակնկալվում էին։

Երկրորդ ընդհանրությունը պետության դերի ընկալման կտրուկ անկումն էր։ Առաջին ալիքի ժամանակ խորհրդային բավականին պաշտպանված իրավիճակից ընկանք անհայտության մեջ, և մեծ սպառնալիքի տակ հայտնվեց սոցիալական անվտանգությունը։ «Մութ ու ցուրտ տարիներ» բնորոշումը, ըստ էության, արտահայտում է այն սարսափը, որը տիրեց համեմատաբար բարեկեցիկ և պետության կողմից պաշտպանված խորհրդային մարդուն, երբ հանկարծ վերացան բոլոր սոցիալական երաշխիքները։ Երկրորդ ալիքի ժամանակ ավելի մեծ նշանակություն ունեցավ ֆիզիկական անվտանգության կորուստը, մանավանդ այն, երբ պարզվեց, որ թշնամին չի բավարարվել պատերազմում հաղթանակով և Արցախի մեծ մասի օկուպացիայով, այլ ամեն օր ավելի է խորանում Հայաստանի տարածքում, և պետությունը ոչ մի գործիք չունի դրան խոչընդոտելու։

Երրորդ ընդհանրությունը, ըստ էության, հենց ապերջանիկության դասագրքային սահմանումն է, երբ չափազանցված սպասելիքները բախվեցին դաժան իրականության հետ, երբ «անկախություն» կոչվածի երջանկության փոխարեն՝ ունեցանք պատերազմ, անարդարության և աղքատության խորը վիհ, իսկ երկրորդ դեպքում՝ համընդհանուր արդարության և «3 միլիոն վարչապետի»  փոխարեն՝ խայտառակ պարտություն պատերազմում, ամեն օր սպառնացող, ու հաճախ այդ սպառնալիքն իրականացնող թուրքեր և կրկին թալանչի իշխանություն։

Իհարկե, այս երկու ալիքների ամենամեծ տարբերությունը պատերազմներն էին։

Առաջին ալիքի դեպքում պատերազմում հաղթանակը չկարողացավ հաղթահարել ժողովրդի դեպրեսիան, ավելին՝ պատերազմի համար կատարված համազգային զոհողությունները չգնահատվեցին ըստ արժանվույն և ըստ նպատակի, այլ՝ որպես թալան ու անարդարություն, ինչն էլ հենց դեպրեսիայի հիմնական պատճառն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը պարզապես ցանկություն չուներ ամբողջովին կապիտալիզացնել հաղթանակը, այն դարձնել ամեն հայի սեփականություն, քանի որ համարում է այդ հաղթանակը մի ժամանակավոր իրավիճակ, որը հետո փուլ առ փուլ պետք է ետ հանձնվեր Ադրբեջանին։

Նրան հաջորդած Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հաղթանակի տնտեսական, սոցիալական, անվտանգային ակնհայտ առավելությունների փոխարեն՝ փորձում էր շեշտել իր ակնհայտ առավելությունը նախորդ ռեժիմի նկատմամբ՝ հաղթանակի փոխարեն՝ ավելի շատ ընդգծելով «ցուրտ ու մութ տարիների» թեզը, ինչը հանրային գիտակցության մեջ ստվերում էր հաղթանակը։

Երկրորդ ալիքի դեպքում ֆրուստրացիան շատ ավելի խորն էր, այնքան մեծ, որ չնայած ակնհայտին, ժողովուրդը չէր հավատում իր խաբված լինելուն, նոր իշխանությունների հանցագործ բնույթին և իներցիայով գնաց 2021թ. ԱԺ ընտրությունների ժամանակ իր կատարած սխալը կրկնելուն։ Պատահական չէ, որ հոռետեսությունն ավելի խորացավ ոչ այնքան պատերազմում պարտության արդյունքում, այլ հենց խորհրդարանական ընտրություններից հետո, երբ մարդիկ հանկարծ ապշեցին իրենց իսկ կատարած սխալից։

Երկրորդ ալիքի դեպքում պատերազմում պարտության և հսկայական կորուստների հանդեպ համեմատաբար անտարբերությունը ցույց տվեց, որ հանրային մակարդակով մարդիկ կորցնում են իրենց ամենահիմնական՝ ինքնապաշտպանության, կյանքը շարունակելու բնազդը։ Այս դեպքում նաև հանրային պասիոնարությունն ինտենսիվ կառավարվում է. մի կողմից՝ իշխանություններն են ճնշում հանրային ամեն ակտիվություն՝ սկսած սոցիալական փոքրիկ բունտերից, մինչև իշխանությունների հայհոյելու համար բանտարկություն, մյուս կողմից՝ ընդդիմությունն է խորացնում անելանելիության զգացումը՝ իրավիճակը փոխելու փոխարեն՝ հարցեր ու հարցազրույցներ տալով։

Անհրաժեշտ է նաև նշել, որ երկու դեպքում դեպրեսիան տարածվեց համաշխարհային տեկտոնիկ տեղաշարժերի պայմաններում, անգամ՝ դրանց պատճառով, երբ քաղաքական իշխանությունը համարում էր, որ հիմնական խնդիրն աշխարհաքաղաքական իր միսիան կատարելն է, որի պատճառով նա դարձավ հանրությանն անհաշվետու և մարդկանցից անջրպետված։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս