Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին
Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին՝ ելույթ ունենալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների ղեկավարությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա փետրվարի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց կամերային սրահում։
«ԵրազԱրտ» նախաձեռնությունն արդեն 19 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ սերտ համագործակցությամբ: Այն ուղղված է տաղանդավոր պատանի երաժիշտների կատարելագործմանն ու նրանց կարիերայի առաջխաղացմանը:
«ԵրազԱրտ»-ում դասավանդում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտները, դասընթացներն անցկացվում են ինչպես ամբողջ տարվա ընթացքում, այնպես էլ ամառային դպրոցի ձևաչափով: Ուշադրության կենտրոնում են Երևանի երաժշտական դպրոցների, քոլեջների և կոնսերվատորիայի տաղանդավոր սաները, որոնց հնարավորություն է տրվում կատարելագործել իրենց կատարողական հմտությունները Ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձառու, նվագախմբային և մենահամերգային պրակտիկ գործունեություն ծավալող երաժիշտների հսկողությամբ: Պատանի երաժիշտներին տրամադրվում են բարձրորակ, թանկարժեք գործիքներ. մինչ օրս արտասահմանից ձեռք է բերվել ավելի քան 140 երաժշտական գործիք և բազմաթիվ աքսեսուարներ:
Ուշադրության կենտրոնում հիմնականում պղնձյա և փայտյա փողային գործիքներ նվագող պատանիներն են, կան նաև կոնտրաբասահարների և հարվածային գործիքների դասարաններ, ծրագրվում է կազմել ալտահարների դասարան: Աշակերտներին վարպետության դասեր են տալիս նաև նվագախմբի հրավիրյալ մենակատարները, նրանց անհրաժեշտ աջակցություն է տրամադրվում հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակցելու և արտասահմանում անվանի երաժիշտների մոտ վարպետության դասերի կուս ստանալու համար: Օրինակ՝ «ԵրազԱրտ»-ի աջակցությամբ այժմ տաղանդավոր պատանի ջութակահար Էդուարդ Դայանը Շվեյցարիայում կատարելագործվում է աշխարհահռչակ ջութակահար Զախար Բրոնի մոտ, իսկ գալարափողահար Մարինե Դավթյանը՝ Նորվեգիայ հեղինակավոր AGDER համալսարանում:
«ԵրազԱրտ» նախաձեռնության ղեկավար և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշում է. «Մեր երկրի գլխավոր նվագախմբում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկում, կենտրոնացած են լավագույն ուժերը, սակայն մի քանի տասնամյակ է նվագախմբի փոխարինող կազմի, ինչպես նաև սերնդափոխության խնդիր կա, հատկապես փողային խմբերում: Երկարամյա հետևողական գործունեության շնորհիվ այժմ ունենք պատանի երաժիշտների խումբ, որոնք նվագում են պղնձյա և փայտյա փողային գործիքներ։ Երաժիշտները մասնագիտանում են ոչ միայն մենակատարի, այլ նաև նվագախմբային երկացանկի մեջ: Լավագույնները նվագում են փորձառու, ավագ սերնդի երաժիշտների հետ մեկ բեմի վրա, անգամ նույն նվագախմբում։ Այս երաժշտական փորձառությունը շատ կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի համար»:
Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո գործող նորաստեղծ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմում նվագում է 18 երաժիշտ, որոնք ավելի քան 12 տարի է կատարելագործվում են «ԵրազԱրտ»-ում: Պատանեկան նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն առաջին փորձերի ժամանակ ընդգծել է, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում նման դեպքի, երբ հայկական նվագախմբում պղնձյա փողայիններն ավելի լավ են հնչում, քան լարայինները:
Տարիների ընթացքում «ԵրազԱրտ»-ի դասընթացներին մասնակցել են հարյուրավոր աշակերտներ, այս տարի նրանց թիվը 35-ն է: Միջազգային համերգային գործունեության և կրթության նպատակով աջակցություն է տրամադրվել այնպիսի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, ինչպիսիք են ջութակահարուհի Դիանա Ադամյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, թավջութակահար Արտյոմ Իոնիսյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը և շատ ուրիշներ: «ԵրազԱրտ» նախաձեռնությունը Հայաստանում գործում է «ԵրազԱրտ» Բոստոն հիմնադրամի աջակցությամբ: