Ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստերին գնում առանց նախագծերի

Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, որն այդ գերատեսչությունում աշխատելու ժամանակ ամեն Կառավարության նիստին գործադիրին էր ներկայացնում մեկից ավելի նախագծեր՝ ինչպես բյուջեում վերաբաշխումներ ու ասֆալտապատման աշխատանքներ կատարելու, այնպես էլ՝ իր ենթակայության տակ գտնվող ոլորտին առնչվող այս կամ այն հարցը կարգավորելու վերաբերյալ, նույն ինտենսիվությամբ աչքի չի ընկնում՝ որպես Պաշտպանության նախարար։

Թեև պատերազմում պարտությունից հետո ասֆալտապատումը պետք է ստորադասվեր բանակաշինությանը, որովհետև Պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերն առավել քան երբևէ ունեն օրենսդրական փոփոխություններով բազմաթիվ խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտություն, սակայն իրականությունը բոլորովին այլ է։

Արդյունքում՝ չնայած Պապիկյանի քաղաքական թիմը խոստանում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, բայց դրան միտված որևէ քայլ Պապիկյանի գործունեությունից տեսանելի չէ, իսկ Պապիկյանին էլ արդեն կարելի է բնորոշել, գոնե այս փուլում, Պաշտպանության պասիվ նախարար։

Ներկայացվածն ապացուցող հանգամանք է թեկուզ Պապիկյանի նշանակումից հետո Կառավարության նիստերի օրակարգում ներառված հարցերն ու նախագծերը: Եվ այսպես, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Սուրեն Պապիկյանը նշանակվել է Պաշտպանության նախարար։

Նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի փետրվարի 3-ը կայացել է Կառավարության 11 նիստ, որից ընդամենը 5-ին է Պապիկյանը ներկայացրել նախագծեր։

Ուշագրավ է, որ Պապիկյանն իրար հետևից մի շարք նախագծեր էր ներկայացրել ընտրվելուց անմիջապես հետո, նկատի ունենալով Կառավարության գործունեության ընթացակարգը, կարելի է ենթադրել, որ դրանք արդեն նախորդ նախարար Արշակ Կարապետյանի օրոք կազմված և նախապատրաստված նախագծեր էին՝ ինչը, սակայն, հրաժարական տալու պատճառով նա չէր հասցրել ներկայացնել, և Կարապետյանի հեռանալուց հետո դրանք ներկայացնելու պարտավորությունը փոխանցվել էր Պապիկյանին։

Տպավորություն է ստեղծվում, որ նախկինում կազմված և մշակված նախագծերը սպառվել են, և այս պահին Պապիկյանը կանգնել է փաստի առա՞ջ, չգիտի՞ ինչ անել, թե՞ բարեփոխումների փաթեթն է պատրաստվում, դա է պատճառը: Դեկտեմբերի կեսից արդեն 6 շաբաթ՝ Կառավարության 6 նիստի Սուրեն Պապիկյանը որևէ նախագիծ չի ներկայացրել՝ գործադիրի հավանությանը՝ կարգավորելու համար իրեն վստահված գերատեսչությունում առկա որևէ խնդիր։ Գուցե՞ ավանդույթի ուժով դեռ պետք է սպասել 100-օրյա ժամկետը լրանալուն կամ գուցե՞ համակարգը ամբողջությամբ չի ուսումնասիրվել:

Այդուհանդերձ, փաստենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին ևս Պապիկյանը Կառավարության նիստի էր եկել «դատարկաձեռն»։

Տեսանյութեր

Լրահոս