«Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից․ չի տիրապետում բանակցային գործընթացի էությանը»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ
– Հիմա տեսեք, պարո՛ն նախագահ, վարչապետի ասածը ճիշտ հակառակն է. ինքն ասում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հարցը պատվիրակվել է Ապրիլյան պատերազմից հետո ու կապում է այդ աղետի հետ` 2016 թվականին, ավելին, հիշեցնում է 1993 թվականի ՄԱԿ-ի խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, և հարցադրում է անում, ասում է` ԼՂ ինքնավար մարզի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին ֆիքսումը կարող էր լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևը:
– Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ փաստարկներ համադրելով է ինքը գալիս այդ եզրակացությանը:
– 1993 թվականի չորս նախադեպերի:
– Բայց ես ասում եմ, որ դա կապ չունի սրա հետ:
– Ինքը դրանք է հիշատակում:
– Բայց սրա հետ կապ չունի: Իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ Անվտանգության խորհրդի այդ բանաձևը` ելնելով այն հանգամանքից, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջարկում էին այդ նախագիծը:
Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ որ, նորից եմ կրկնում, հինգ մշտական անդամներից երեքը ներկայացնեն բանաձև և նույնիսկ, եթե երկուսը դեմ քվեարկեին ի՞նչ էր լինելու: Նույնիսկ եթե անգամ գնային ծայրահեղ միջոցի` մշտական անդամներից մեկը վետո դներ. մենք դրանից ի՞նչ էինք կորցնելու: Չէր կարող չէ՞ համանախագահներն այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին և մեկ այլ որոշում կայացնեին: Անհնար է:
– Այսինքն՝ չկարգավորման պատասխանատուն միջազգային հանրությունը կդառնար արդեն, եթե նման բան լիներ:
– Չկարգավորման պատասխանատուն, այո, նաև այդ թվում՝ ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև միջազգային հանրության որևէ անդամ: Բայց այդպիսի բան չէր կարող լինել: Եվ դա ոչ թե աղետ էր, այլ դա մեզ համար, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէր, և ոչ էլ Կազանյան փաստաթուղթն էր մեր երազածը, բայց մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր և գործնականում իրականացվելիք փաստաթուղթ էր: Սա ակնհայտ է: