Փաշինյանն առանց աչք թարթելու՝ Սյունիքն էլ կտա, եթե իմանա, որ դա անելով՝ իր իշխանությունը կպահի. Արմեն Բաղդասարյան
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։
Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով իր թեկնածության հարցին, ասաց.
«Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև՝ այսօրվա նախարար: Այդ պայմաններում, կարծես, կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաև որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ՝ կարող եմ ես առաջադրվել»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, խոսելով Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառների մասին, նախ նշեց, որ Սարգսյանը համաշխարհային քաղաքականության մեջ ունի մեծ դեր ու կշիռ, ուստի հենց դա էր անընդունելի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ցանկացած մեկը, որը կարող է Հայաստանի համար հարց լուծել, Նիկոլ Փաշինյանի համար դառնում է թշնամի։
«Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է միակը, որը կարող է հարց լուծել, միակը, որի առջև ժողովուրդը պետք է խոնարհվի։ Այս առումով ցանկացած այլ հեղինակություն Փաշինյանն ընկալելու է որպես թշնամի, և հենց այդ խնդրի մասին էր Արմեն Սարգսյանը շատ պարզ ասել իր հրաժարականի հայտարարության մեջ։ Փաշինյանի համար ցանկացած հեղինակություն թշնամի է, որովհետև իր համար կարևոր է իր իշխանությունը և ոչ թե՝ Հայաստանի շահը. չէ՞ որ ասել է՝ կարող էր պատերազմը կանգնեցնել, բայց այդ ժամանակ իրեն կասեին՝ դավաճան։ Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը, ապա, ես կարծում եմ, որ նրա թեկնածությունն առաջադրելուց առաջ Փաշինյանը ստացել է հավաստիացումներ, որ ինքն ինչ փաստաթղթի տակ ուզենա, Վահագն Խաչատուրյանը դրա տակ կդնի իր ստորագրությունը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Դիտարկմանը՝ այդ թվում Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ որևէ փաստաթո՞ւղթ ևս ընդունելի կլինի Վահագն Խաչատուրյանի համար՝ նախագահի պաշտոնում, Արմեն Բաղդասարյանը արձագանքեց.
«Այդ դեպքում նախագահի ստորագրությունը որևէ կարևոր նշանակություն չի ունենալու, և ողջ պատասխանատվությունը կրելու է Փաշինյանը։ Ցանկացած հարց, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կարող է արվել միայն հանրաքվեի միջոցով, և այդ ժամանակ չի կարող Փաշինյանն ասել՝ դե, նախագահն ինքն է եղել, թող չստորագրեր. չէ՞ որ արդեն չեն աշխատում «ամեն հարցում մեղավոր են նախկինները» մանիպուլյացիաները»,- ասաց Բաղդասարյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի հրաժարվելու մանիպուլյացիաներից և շարունակելու է դիմել բոլոր հնարավոր և անհնար տարբերակներին, որոնցով կկարողանա անել բացառապես մեկ բան՝ պահել սեփական իշխանությունը՝ ընդհուպ պատրաստ լինելով Սյունիքով միջանցք տալ Ադրբեջանին։
«Այս իշխանությունն այդ միջանցքը կտա, հետո ձևակերպումներ կանի, թե միջանցք չի, այլ՝ ճանապարհ. կասի, որ թղթերով Հայաստանն է այդ տարածքի տերը, բայց հայերն այդ ճանապարհից օգտվելով՝ պետք է ռուսական սահմանապահների անցակետով անցնեն»,- նկատեց Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը նպաստի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում, ապա Փաշինյանը կգնա նաև այդ քայլին, և դրա խոչընդոտող գործոն կարող է լինել այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը:
«Բայց որքան Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվի՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, այնքան հայկական կողմի վրա թուրք-ադրբեջանական ճնշումներն են ավելանալու։ Հնարավոր է՝ բանը հասնի Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների։ Եթե Ռուսաստանի ուշադրությունը այս տարածաշրջանից շեղվի, ադրբեջանական կողմը կփորձի ուժով ստանալ այդ միջանցքը, իսկ դրան Հայաստանի իշխանությունը չունի դիմակայելու ցանկություն։ Փաշինյանն առանց աչքը թարթելու՝ Սյունիքն էլ կտա, եթե իմանա, որ դա անելով՝ իշխանությունը կպահի»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում