
«Բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողեր». Բաքվում Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպ

«Ադրբեջանի առաջարկը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության համաձայնագիր, պաշտոնական Բաքվի կարևոր քայլն է»,- այս մասին «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը՝ հետհակամարտային վերականգնման փուլում կնոջ դերը» վերտառությամբ կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը:
Դեսպանը, ում խոսքերը ադրբեջանական ԶԼՄ-ները մեծ ոգևորությամբ մեջբերում են, ասել է. «Ադրբեջանի կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում ազատագրված տարածքների վերականգնման համար»:
«Բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողեր»,- ասել է Շարպը: Վերջինս նաև նշել է, որ այդ տարածքներն ականազերծելու աշխատանքային պլաններ ունեն, և ցավով արձանագրել, որ շուրջ 700 նմանատիպ միջոցառումներից որևէ մեկին կանանց մասնակցություն նախատեսված չէ:
«Մեծ Բրիտանիան նաև իր ներդրումն է ունենում ազատագրված տարածքների (Ադրբեջանի) ականներից մաքրման գործում, ինչը շատ անհրաժեշտ գործընթաց է»,- ընդգծել է Շարպը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան մշտապես Ադրբեջանին անհրաժեշտ աջակցությունը ցույց կտա: