Կարծում եմ, որ երկու խմբակցությունները կարող են գալ կոնսենսուսի, առաջադրել նախագահի միասնական թեկնածու. Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն է եղել ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար  Արայիկ Հարությունյանը, սակայն խնդիրն այն է, որ ՔՊ-ի հիմնական թևերը կատեգորիկ դեմ են եղել նրա թեկնածությանը»,- «այսօրվա ասուլիսում, խոսելով նախագահի թեկնածու ընտրելու հարցի մասին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով նաև իր անձնական դիտարկումը:

Ըստ նրա, Վահագն Խաչատրյանը և Խաչատուր Սուքիասյանը մտերիմ են եղել դեռևս այն ժամանակվանից, երբ Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ:

«Երբ Երևանի քաղաքապետ էր՝ Խաչատուր Սուքիասյանի համար  կոստյումի կամ մեկ բրենդային կոշիկի գնով սեփականաշնորհվել են Աբովյան փողոցում և քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ տներ: Անձնական որևէ հակակրանք չունեմ Վահագն Խաչատրյանի հանդեպ: Հիշում եմ, այն եզակի մարդկանցից էր, ով ամենօրյա «դոստուպ» ուներ, հաճախ էր լինում մեր խմբագրությունում՝ «Հայկական ժամանակում»: Նիկոլ Փաշինյանը շատ ընկերներ չի ունեցել, և չեմ ասի, որ Վահագն Խաչատրյանը նրա ընկերներից է, բայց այն քիչ մարդկանցից էր, ով մշտապես կապը պահպանում էր Նիկոլի հետ:

Բայց մենք պետք է հասկանանք, որ եթե Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատրյանի, Արայիկ Հարությունյանի, իքսի կամ իգրեկի փոխարեն՝ եթե անգամ նախագահի պաշտոնում նշանակեր կոշիկի իր քուղին, ատամի իր «չոտկը», բաղնիքի իր «տապչկան», միևնույն է՝ խորհրդարանական մեծամասնությունը, չեմ բացառում նաև 1-2 հոգի՝ ընդդիմությունից, միանշանակ փակ գաղտնի քվեարկության ժամանակ կողմ է քվեարկելու նախագահի այդ թեկնածուին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո տեղի ունեցող քննարկումներին. «Այն վերլուծաբանները, ովքեր Արմեն Սարգսյանի հրաժարականը դիտարկեցին որպես վերջի սկիզբ՝ նշելով, որ սրանով հիմք է դրվում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ ցավում եմ այդ էքսպերտների շատ ցածր էքսպերտային ունակությունների համար:

Այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցեմենտ-բետոնում է սեփական իշխանությունը: Սրանով Հայաստանում հաստատում է սուլթանաֆեոդալական, ճորտատիրական կարգեր: Որևէ թեժ ամառ, թեժ գարուն չի լինելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա»,- ընդգծեց ԱԺ նախկին պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմությունը պետք է նախագահի թեկնածու առաջադրի:

Չորս թեկնածուի անուն է շրջանառվում՝ Դավիթ Շահնազարյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Աշոտյան, Էդգար Ղազարյան: Բանախոսի դիտարկմամբ՝  լավ կլինի, որ ընդդիմությունը կոնսենսուսի գա ու առաջադրի նրանցից մեկին:

«Ամեն ինչ կարող  է ինչ-որ բանի սկիզբ դառնալ: Կարծում եմ, որ երկու խմբակցությունները կարող են գալ կոնսենսուսի, առաջադրել նախագահի միասնական թեկնածու՝ և՛ Արմեն Աշոտյանին, և՛ Դավիթ Շահնազարյանին, և՛ Դավիթ Հարությունյանին, ինչո՞ւ չէ՝ նաև Էդգար Ղազարյանին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս