«Հայփոստը»՝ նամակների և ծանրոցների առաքման գների թանկացման մասին
«ՀայՓոստ» ընկերությունը ցանկանում է վերանայել ունիվերսալ ծառայությունների սակագները, ինչի համար հունվարի 11-ին դիմել է ՀՀ Հանրային ծառայությունների հանձնաժողով (ՀԾԿՀ): 13.01.2022թ. հանձնաժողով ներկայացված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտն ընդունվել է ուսումնասիրության:
Օրինակ 21-100 գրամ հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, առաջարկվում է այն բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գրամ քաշով նամակի գործող գինը 410 դրամ է, առաջարկում են բարձրացնել և դարձնել 560 դրամ: 251-500 գրամ քաշի դեպքում՝ 710-ի փոխարեն՝ 750 դրամ: Իսկ ահա 501-1000 գրամ քաշի դեպքում առաջարկում են նվազեցնել գինը՝ 1260 դրամի փոխարեն՝ սահմանել 1100 դրամ, 1001-2000 գրամ քաշի դեպքում՝ 1860-ից՝ 1600 դրամ:
Փոստային բացիկների դեպքում մինչև 20 և 21-100 գրամ քաշի դեպքում առաջարկվում է 290 դրամի փոխարեն սահմանել 580 դրամ, 101-250 գրամ քաշի դեպքում 470-ի փոխարեն՝ 620 դրամ, 251-500 գրամ քաշի դեպքում՝ 770-810 դրամ, 501-1000 գրամ քաշի դեպքում նախատեսում են 1320 դրամի փոխարեն՝ սահմանել 1160 դրամ, 1001-2000 գրամի դեպքում՝ 1920 դրամի փոխարեն՝ 1660 դրամ:
«ՀայՓոստ»-ից փորձեցինք պարզել, թե նախատեսվող թանկացումն ինչո՞վ է պայմանավորված:
Ընկերության մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ այնպես չէ, որ միայն թանկանում են ծառայությունները: Թանկանում են ներհանրապետական նամակները, իսկ ծանրոցները, օրինակ, էժանանում են:
«Մենք կանգնած ենք լուրջ փաստի առջև, որովհետև նամակների առաքման ինքնարժեքն ավելի բարձր է ստացվել, քան գործող գինն է: Ուղղակի փորձում ենք ավելի կառավարելի, տրամաբանված գնային քաղաքականությամբ աշխատել, որ գոնե ինքնարժեքից ցածր չլինի գինը: Խոսքն ավելի շատ պետական, ծանուցման նամակների մասին է, անհատ քաղաքացիները շատ քիչ կառնչվեն սրա հետ»,- մանրամասնեցին «ՀայՓոստից»՝ ընդգծելով, որ Հայաստանում 30-ից ավելի փոստային և սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերություններ կան, որոնց գները սկսում են 800 դրամից: Նույնիսկ այս պարագայում «ՀայՓոստն» ավելի էժան է ծառայություն մատուցում, քան մյուսները: