Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի. Կարեն Գիլոյան
Հայաստանի Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի նշանակումը կնպաստի, որպեսզի Հայաստանում բասկետբոլը մի քանի քայլ առաջ կատարի:
«Ռեքս Կալամյանն արդեն 30 տարի է NBA-ում լուրջ մասնագետ է: Նա իսկապես շատ փորձառու մասնագետ է: Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի: Եվ եթե կարողանանք ճիշտ բասկետբոլիստներ բերել, հավաքագրենք մեր ուժեղներին, ուրեմն վստահ եմ, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի տեղակալը:
Գիլոյանի խոսքով` Հայաստանի գերնպատակն էլիտ ռաունդ դուրս գալն է և ինչու ոչ` նաև եվրոպական ուժեղագույն հավաքականների հետ մասնակցել որակավորման փուլին: