«Հակոբ Մովսեսն ավելի արմատական հակաընդդիմադիր կեցվածք ունի, քան ես՝ հակաիշխանական». Ռուբիկ Հակոբյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, արդեն երեք օր է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար թեկնածու են ընտրում։

Այդ պաշտոնում ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են  Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։

«Ես ներկայացնեմ, թե ինչու ես առաջադրվեցի։ Երբ առաջին անգամ ինձ առաջարկեցին, շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ պետք չէ, որպեսզի ես ներկայանամ իմ դեմքով, որովհետև հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող մարդ եմ, հստակ արմատական ընդդիմադիր կեցվածք ունեմ։ Հակոբ Մովսեսը, որին շատ հարգում եմ, գրեթե նույն չափ, կամ գուցե մի քիչ ավելի արմատական հակաընդդիմադիր կեցվածք ունի, քան ես՝ հակաիշխանական։ Երկրորդ թեկնածուն՝ Արթուր Մանուկյանը, որն առհասարակ ոլորտի հետ կապ չունի, բացի այն, որ կենսագրությունն է կեղծել, նաև քաղաքական ու քրեական կետ կա իր պահվածքի միջև, որովհետև ստացել է նպաստ։ Ծանր ապրող մարդկանց փոխարեն՝ ինքն է այդ փարոսը ստացել, հետո պարզվում է, որ ինքն այդ ընթացքում աշխատել է»,- հանձնաժողովի նիստում ասաց Ռուբիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ ինքն այդ հանձնաժողովում չի կարող լինել, որովհետև նախկինում լրագրողի նկատմամբ բռնարարք է իրականացրել։

«Այդ պահին ուզում էի թեկնածությունս հանել, բայց քանի որ զրպարտանք էր, ասացի՝ գնամ, որպեսզի հնարավորություն ստեղծվի՝ այդ զրպարտանքին պատասխանեմ։ Ես եկա, բայց գրեթե որևէ հարց չհնչեց օրակարգի հետ կապված, ամբողջությամբ քաղաքականացվեց, անդրադարձան իմ կենսագրությանը, իմ արտահայտություններին և այլն»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը։

Նա նաև շեշտեց, որ ամբողջ ընթացքում հնչել են վիրավորանքներ, քաղաքական հարցադրումներ, և այդ համատեքստում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցադրումներին, նրան խորհուրդ տվեց կարդալ Միսակ Մեծարենցի «Անուրջներ» բանաստեղծությունը, որտեղ կա «սպասման հիվանդ եմ» տողը։ Այնտեղ, ըստ Ռ. Հակոբյանի, բանաստեղծը լավ տալիս է սպասումների գնահատականը։

«Այնտեղ ռոմանտիկա էլ կա, խորհուրդ կտամ կարդաք, թե ինչ սպասումներ պետք է ունենալ կյանքում»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը։

Նշենք, որ մոտ 20 րոպե քննարկելուց հետո, Ռուբիկ Հակոբյանը հանեց իր թեկնածությունը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս