«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության և տնտեսական քաղաքականության արդյունք է»». Նիկոլ Փաշինյան
Փետրվարի 1-ից Հայաստանում կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրն արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաև բնական գազը։
Զավեշտալին այն է, որ մինչհեղափոխական Հայաստանում՝ 2018 թվականի հենց այս օրը՝ հունվարի 19-ին, ընդդիմադիր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդդեմ թանկացումների երթեր-հանրահավաքներ էր անցկացնում Երևանի փողոցներում, կոշտ քննադատական աշխարհացունց ելույթներ ունենում՝ քննադատելով օրվա իշխանություններին և Ֆեյսբուքում այդ բողոքի ակցիայից լուսանկար հրապարակում ու գրառում անում.
«Այսօրվա երթը։ Համարում եմ ստացված։ Հաջորդը՝ փետրվարի 5-ին: Միասին։) Թանկացմանն ասում ենք ո՛չ։ Թալանին ասում ենք՝ ո՛չ»։
«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- ֆեյբուքյան եթերում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը և բոլորին հորդորում 18:00-ին լինել «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում:
2018թ. հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել էին բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:
«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ է՛լ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը»,- ասված էր ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի հայտարարության մեջ:
«Ցինիզմ է, երբ այս համատարած թանկացումների ֆոնին, բենզինը հունվարից հետո դարձյալ թանկացել է: Ապրանքը թանկացել է, հարկային բեռն ավելացել է, բայց քաղաքացու որևէ եկամուտ Հայաստանում չի ավելացել»,- իր ելույթում հայտարարում էր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հուժկու ելույթներ էր ունենում նաև «Ելք» դաշինքի մյուս պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ այսօր Փաշինյանի կառավարության հիմնական աջակիցն է:
«Իշխանությունն ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, այս թանկացումներն անում ենք քո համար, որովհետև դա քեզ շատ է պետք, և եթե ուրիշ երկրներում մինչև 10 տոկոս է, մեզ մոտ 2 տոկոս է։ Այնպես որ մեր նկարները տարեք, ձեր տանը փակցրեք պատին, տակը մոմ վառեք, շնորհակալ եղեք, որ որքան իմաստուն իշխանություն ունեք:
Ժողովո՛ւրդ ջան, խնդիրը միայն թանկացումները չէ, այս թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելը չէ, այլ ավելի շատ գլոբալ է և վերաբերում է ՀՀ տնտեսությանը, տնտեսության կայունացմանը, այդ տնտեսության ողջ մնալուն»,-2018-ին կուրծք ծեծելով հայտարարում էր Արամ Սարգսյանը:
«Պետությունը նստել է պարտքի ասեղի վրա»,-հայտարարում էր Արամ Սարգսյանը իր ելույթում:
Ըստ Արամ Սարգսյանի՝ իշխանությունը սպանում է ՀՀ տնտեսությունը և պարզապես վերարտադրության խնդիր է լուծում:
Ի դեպ, նույն այդ հանրահավաքում «Ելք» խմբակցության պատգամավոր, այժմ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով խորհրդարանում թանկացումների թեմայով լսումներին, հայտարարում էր.
«Ես այդ լսումներին երբ նստած էի, մտածում էի, որ հիմա կբերեն հանրապետության գլխավոր հոգեբույժին, որը տեղեկանք կներկայացնի այն մասին, որ այս ժողովուրդը ցնդել է՝ խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան: Սա անվանել այլ կերպ, քան ցինիզմ, ուղղակի հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ նույն 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ԱԺ ամբիոնից հայտարարում էր.
«Գիտությունը պարզել է, որ խառը կանաչին էլ է օգտակար, գիտեք ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք՝ գիտեք ինչ օգտակար է: Կամ՝ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք, ի՞նչ եք խառնվել իրար, այ ձեր ցավը տանեմ…»:
Ապա հայտարարում էր, որ փայփայելու են ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ Հայաստան ունենալու մասին երազանքը և հետևողականորեն, քայլ առ քայլ գնալու են դա իրականացնելու: «Մենք ինքներս սարքելու ենք: Կեցցե՛ այն Հայաստանը, որը մենք ենք սարքելու, հաստատ, անպայման սարքելու ենք»,-գոչում էր նա։
Ավելին, «Ելք» դաշինքը խորհրդարանում ստորագրահավաք էր կազմակերպում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար, «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մինչ հանրահավաքի մեկնարկը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ բողոքի ակցիային ընդառաջ ոստիկաններն այցելում են քաղաքացիական ակտիվիստներին և հորդորում չմասնակցել այդ հանրահավաք-երթին։
Դրանով իշխանությունը, Փաշինյանի խոսքով, փորձում էր ցույց տալ, որ ՀՀ քաղաքացիները չեն բողոքում թանկացումների դեմ և ըմբռնումով են մոտենում դրանց։ «Քանի դեռ քաղաքացիներն իրենց բողոքը չեն արտահայտել, իշխանություններն իրենց քաղաքականության վերանայման ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկելու»,-իր հրապարակման մեջ նշել էրընդդիմադիր Փաշինյանը։
«Իրականում գիտեք, որ պատմագրության մեջ կան ժամանակաշրջաններ, դարաշրջաններ կա, օրինակ՝ բրոնզե, երկաթե դարաշրջան, բայց ես կարծում եմ, որ մեր ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան», –2018թ. հունվարի 19-ին՝ հենց այս օրը, հայտարարում էր երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Նա ասում էր, որ խառը կանաչիի գնի 30 տոկոսով նվազումը, կանաչ սոխի էժանացումը հակակշռելով թանկացումներին՝ իշխանությունը ստանում է 2,6 տոկոս գնաճ, և արդյունքում հայտարարում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել:
«Նրանք, ըստ էության, ասում են՝ աղքատների հետ ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, ասում են՝ աղքատները չեն մեռնի, այս 20 տարիների ընթացքում այնքան իմունիտետ են ձեռք բերել, որ որքան ուզում եք՝ թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա՝ խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա՝ կանաչ սոխ կուտեն, կանաչ սոխը թանկանա՝ սխտոր կուտեն: Բայց այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի»,-հայտարարում էր ընդդիմադիր, այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նշում, որ այլընտրանքը մարդիկ արտագաղթի մեջ են տեսնում։
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ էր անում ոտքի կանգնել՝ ընդդեմ թանկացումների:
«Իշխանությունը պետք է տեսնի, որ ինքը «պրոբլեմ» ունի, որպեսզի գնա կոնկրետ քայլերի, եթե տեսավ, որ «պրոբլեմ» չունի, փոփոխությունների չեն գնալու: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին է այն միակ ուժը, ով կարող է լուծել թանկացման-չթանկացման մնացած բոլոր հարցերը: Քանի դեռ ՀՀ քաղաքացին շատ հստակ չի ցուցաբերել իր կամքը որևէ հարցի նկատմամբ, իրավիճակը մնալու է նույնը: Մենք հավատում ենք, որ ՀՀ քաղաքացին ունի քաղաքական կամք ՀՀ-ում որոշումների կայացման հսկիչ փաթեթը իր ձեռքը վերցնելու, և մենք պատրաստ ենք ծառայելու այդ նպատակին, ծառայում ենք և կծառայենք այդ նպատակին»,-2018-ի հունվարի 19-ին հայտարարում էր նա:
«Սիրելի՛ ոստիկաններ, թանկացումները վերաբերում են նաև ձեր ընտանիքներին, որովհետև ձեր ընտանիքները ևս ամենօրյա ռեժիմով խանութներից առևտուր են անում և զգում են այդ թանկացումների արդյունքները: Ուզում եմ արձանագրել, որ պետական հիմնարկի աշխատողների, այդ թվում՝ ձեր աշխատավարձերը չեն բարձրացել, և բոլոր խավերը շարունակելու են վատ ապրել, քանի որ թանկացումները ծավալվում են»,- բարձրախոսով գոչում էր նա Երևանի փողոցներում:
Նախկին իշխանությունների դեմ թանկացումների պատրվակով ժողովրդական շարժումներ, բողոքի «կատաղած» ցույցեր կազմակերպող նախկին ընդդիմադիր, այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում այսօր ՀՀ քաղաքացու կյանքը ոչ միայն ամեն օր է թանկանում, արտագաղթը՝ բազմապատկվում, պետական պարտքը խայտառակ ծավալների է հասնում, երկիրը ամեն օր սուզվում նորանոր խնդիրների մեջ, այլև 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի մարդկային կորուստներ ունենք, 10.000-ից ավելի հաշմանդամներ, Արցախի 75 տոկոս տարածքի կորուստ, Հայաստանից տարածքային կորուստներ…
Դիտեք տեսանյութերը, շատ-շատերին կտեսնեք կադրերում…